ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնադատվածներն ի՞նչ արտոնություններ ունեն:
Սամսոն Խառատյան (72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սամսոն Խառատյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բռնադատվածն ունի քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու, պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն (այդ թվում՝ 50 տոկոս զեղչով դեղորայք) ստանալու, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում՝ անհատական տան շինարարության կամ բնակարան ձեռք բերելու նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու արտոնություն:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ առանձին խմբի քաղաքացիներին՝ այս դեպքում բռնադատվածներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը հետեւյալն են՝ ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին տրամադրվում է 3300, իսկ այլ բնակավայրերում բնակվողներին՝ 2400 դրամ: Ի դեպ, նշենք, որ հունիսի 14-ը Հայաստանում համարվում է Բռնադատվածների օր՝ 2006-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով: