Մենք շատ մոտ էինք պայթեցված մետրոյին. Կարինե Աճեմյանը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում 5 պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ: ՀՀ ԱԺ 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակությունը նույնպես Բրյուսելում էր, որտեղ պետք է մասնակցեր 21-24-ը կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զաքարյանը, ինչպես նաև Շուշան Պետրոսյանը, ով մասնակցում էր վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը նշել էին, որ մինչ այժմ բավականին արդյունավետ աշխատանք են ունեցել, սակայն սպասողական վիճակում են:

ArmLur.am-ն այսօր կրկին կապ հաստատեց Կարինե Աճեմյանի հետ՝ պարզելու, թե որ փուլում են գտնվում աշխատանքները, և ինչպես են հետ վերադառնալու, քանի որ առաջին պայթյունը որոտացել էր Բրյուսելի միջազգային օդանավակայանում:

«Դե, երեկ մեր պլենար նիստն ավարտվեց, դրանից հետո Եվրախորհրդարանի ղեկավարն ասաց, որ բոլոր աշխատանքները դադարեցված են, այսինքն՝ այսօր այլևս չենք աշխատելու, քանի որ ամեն տեղ փակ է. մարդիկ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են դուրս են գալիս, իսկ մենք հենց կենտրոնում ենք, շատ մոտ ենք  պայթեցված մետրոյին: Երեկ հանդիպում ունեցանք դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ, ով ասաց, որ նպատակահարմար կլինի վերադառնալ Հայաստան Ամստերդամով: Մեզ ասել էին` կա՛մ Ամստերդամ, կա՛մ Փարիզ, բայց այնտեղ էլ պետք է կրկին ինքնաթիռով հասնենք, ասում էին՝ այսօր օդանավակայանը բաց կլինի, բայց փաստորեն, ոչ. միգուցե վաղը, չգիտեմ: Իսկ մինչ այդ որոշել ենք ոչ մի տեղ չգնալ, մնալ հյուրանոցում: Ցավում եմ շատ. քաղաքում շատ լարված, ծանր մթնոլորտ է: Սպասենք՝տեսնենք՝ ինչ կլինի»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս