Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդն անդրադարձել է սահմանում տիրող լարվածությանը.
«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, ի թիվս հանրահայտ եզրահանգումների և գնահատականների, թելադրում են հետևություններ:
Համոզված լինելով, որ իրենց «սրբազան» հողերն ազատագրելու համար «արդարացի» պայքարի մասին տարածված լկտի սուտն ու նենգափոխված նախապատմությունը ընդունվում է միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի թելադրանքով և հովանավորությամբ փորձ են անում զենքի ուժով հասնել անիրականանալիին՝ բռնակցել Արցախը:
Այս նոր հին իրավիճակը ևս մեկ անգամ հաստատում է այն գաղափարի ճշմարտացիությունը, որը Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պնդում է արդեն որերորդ տարին անընդմեջ՝ Հայաստանը պաշտոնապես պետք է ներկայացնի միջազգային հանրությանը արցախյան հիմնահարցի իրավական էությունը: Փաստաթուղթը, որում հիմնավոր կերպով կներկայացվի ԼՂՀ կազմավորման օրինականությունը, մեծագույն արժեք կունենա հատկապես այսօր՝ Ադրբեջանի ագրեսիայի տեսապատկերին: Կարծում ենք, հարկ չկա ևս մեկ անգամ հիմնավորելու, թե ինչ նշանակություն ունի ինֆորմացիոն պատերազմում ճշմարտության տարածումը:
Ելնելով վերոգրյալից, դիմում ենք
1. ՀՀ Ազգային Ժողովին՝ հատուկ հայտարարությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անկախությունը Ադրբեջանից:
2. Արտաքին գործերի նախարարությանը՝
• Դիվանագիտական համապատասխան նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում մանրամասն կներկայացվի իրավական փաստերով հագեցած ԼՂՀ կազմավորման օրինականությունը ( լեգիտիմությունը):
• դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ պահանջելով հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկելու ագրեսորին պատժելու համար:
Գտնում ենք, որ այս քայլերը թելադրված են թշնամու գործողություններով և հնարավորություն ու առավելություն են տալիս մեզ միջազգային հանրությանը օբյեկտիվ լրատվություն տրամադրելու գործում»:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
Երևան, 05.04.2016թ.