«ԵՐԲ ԴԱՏՆ ԷԼ Է ԻՐԵՆՑԸ, ԴԱՏԱՍՏԱՆՆ ԷԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ կատարած բանդայի դատական գործը դեռեւս ընթացքի մեջ է, սակայն այն կարծես տեղապտույտում է հայտնվել: Հիշեցնենք, որ այդ բանդան մեծ աղմուկով վնասազերծվեց 2011թ. սեպտեմբերի 23-ին, բայց գողոնը մինչ օրս հայտնաբերված չէ:
Սույն գործով ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրեն Հակոբյանը, համոզված է, որ իր որդին անմեղ է, եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Մեծարգո՛ Սերժ Ազատի.
Հայցում եմ Ձեր ներողամտությունը կրկին Ձեզ անհանգստացնելու, Ձեր մշտազբաղ ժամանակը զբաղեցնելու համար:
Ստիպված եմ:
Եվ ստիպված եմ բաց նամակի ժանրին դիմել՝ տագնապներս, ցավս, վիրավորանքս մամուլի էջերում բարձրաձայնել, որովհետեւ մինչեւ օրս ինչպես Ձեզ, այնպես էլ հանրապետության տարբեր պատկան մարմիններին եւ ամենազոր այրերին հասցեագրված նամակ-բողոքներս կա՛մ անպատասխան են մնացել, կա՛մ էլ մի ատյանից մի ուրիշ ատյան են հասցեագրվել «ամենազոր» մակագրություններով, որոնք այդպես էլ փոշոտվել են իշխանավորների գզրոցներում:
Իմ այդ նամակները որդիներիս ոտնահարված ու խլված ապրելու իրավունքը, իմ պատիվն ու արժանապատվությունը, ընդամենը արդարություն, դատ ու արդար դատաստան են աղերսում:
Բայց ումի՞ց:
Երբ դատն էլ է իրենցը, դատաստանն էլ:
Մեծարգո՛ նախագահ.
Անցնող յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր շաբաթն ու ամիսը հաստատում են, որ ուրախ-տխուր շոու հիշեցնող, ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ ունեցող, այսպես կոչված, բանդայի դատավարության ժամանակ արդարության համար պայքարող, ինձ բաժին հասած ծանրագույն ողբերգության իրական, ճշմարիտ պատճառներն իմանալ ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիս պարտվում եմ:
Պարտվում եմ վշտահար ու շփոթահար հայր որպես` համընդհանուր անտարբերությանը, որոշ իշխանավորների ցինիզմին, ուժային կառույցների եւ դատախազության բացարձակ սառնասրտությանն ու դաժան լռությանը, պարտվում եմ ստին, բամբասանքին, անարդարությանը:
Սե՛րժ Ազատի.
Կարծում եմ՝ ինձանից լավ Դուք գիտեք, որ մեր օրերում երբեմն իրականության ընդունելիի եւ ընկալելիի սահմաններն այնքան են հեռանում, որ մարդ շնչահեղձ է լինում, չեն հերիքում հույզերը, միտքը, կամքը, ոչինչ չի հերիքում նրան դիմանալու համար:
Հիշում եմ՝ նախագահական ընտրություններից հետո մի առիթով Դուք դիմեցիք ժողովրդին՝ վստահեցնելով, որ Դուք բոլորիս նախագահն եք, եւ բոլորս քույր ու եղբայր ենք:
Հիմա, երբ ես արդարություն եմ պահանջում, երբ Ձեր հրաշալի խոսքերից որոշ ժամանակ է անցել, ես՝ որպես ՀՀ պարտվող քաղաքացի, համարձակվում եմ իմ տպավորությունը կիսել Ձեզ հետ եւ ասել՝ Դուք միայն հանրապետականների նախագահն եք, որովհետեւ բոլոր խելոքները, արժանավորները, արդար դատողները եւ ճշտի համար կռիվ տվողները միայն հանրապետական կարող են լինել կամ էլ՝ հանրապետականի «բաղերում բերքահավաքի ելածներ»:
Պարո՛ն նախագահ.
Ձեր բազում քույրերն ու եղբայրները, սակայն, վատ են ապրում, շատ վատ՝ ոչ միայն սոցիալապես:
Ահա թե ինչու եմ գրիչ վերցրել եւ ակնկալել երկրի վիճակով մտահոգ, բոլորին քույր ու եղբայր համարող նախագահիս արդար միջամտությունը վերջապես արդարությունը ջրի երես հանելու համար:
Ձեր արած շատ-շատ լավ ու ազգաշահ գործերի համար չուրախացողն առնվազն թշնամի պիտի լինի կամ դավաճան:
Ես առաջին անկեղծ ուրախացողներից եմ, բայց այսօր, ներող կլինեք, ստիպված եմ ավագի իրավունքով Ձեզ հիշեցնել՝ երկրի որոշ տերերի անպատասխանատու վարք ու բարքի պատճառով Ձեր նկատմամբ շատերիս հավատ-երկյուղածությունը, կառավարության նկատմամբ վստահությունն ու օրենքի նկատմամբ հավատը ճաք է տվել:
Հավատացե՛ք, նմանների պատճառով է, որ վատը հուսահատեցնում է, կյանքը դառնում է անտանելի բեռ, ապրելը՝ անիմաստ գոյություն քարշ տալ:
Որքա՞ն կարելի է դիմանալ այդ գաղջ մթնոլորտին, երբ ոմանք խոսում են ժողովրդի անունից եւ գործում… ժողովրդի դեմ, երբ օրենքին ենթարկվելու փոխարեն օրենքն են իրենց ենթարկում, երբ գյուղական ակումբի ակորդեոնահար ոստիկանապետ դարձածի քավությամբ եւ սենսացիաների սովոր որոշ լրատվամիջոցների թեթեւ ձեռքում հանկարծ իմ որդիները դառնում են հանցագործ, ավելին, ավագ որդիս՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս, բանդայի պարագլուխ:
Կրտսեր որդուս չկարողացան բանդիտ դարձնել, ընդամենը թմրամոլի պիտակ կպցրին…
Չէ՞ որ կա Ամենաբարձրյալի ահեղ դատաստանի ժամը…

Սուրիկ Հակոբյան
Կոտայքի մարզ, Գառնի գյուղի բնակիչ

Հ. Գ.
Ի դեպ, պարո՛ն նախագահ.
Մինչ օրս անպատասխան են մնում նաեւ տարբեր հասցեներով ուղարկված Գառնի գյուղի 3000 բնակիչների ստորագրությամբ նամակները…
Մի՞թե մեծագույն հանցագործություն չէ նման անտարբերությունը…»:




Լրահոս