Սլովակիայի Ազգային Խորհրդի և Կառավարության ներկայիս և նախկին անդամները, խոշորագույն քաղաքական գործիչները, տարբեր երկրների դեսպաններնի պատասխան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դիմում-կոչին, հայտնել են իրենց զորակցությունը հայ ժողովրդի նկատմամբ մեկ հարյուրամյակ առաջ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության կապակցությամբ։ Ինչպես հայտնվում է նամակում, սլովակ ժողովուրդը լավ ծանոթ է այդ անցուդարձին և խստորեն դատապարտում է 1915 թվականին կատարվածը, որն արտահայտվել է 2004թ․-ին Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման բանաձևով։ Սլովակիան նաև այն երկիրն է, որտեղ 2009թ․-ից գործում է ցեղասպանությունների շուրջ օրենքը, ըստ որի 5-ամյա ազատազրկման է դատապարտվում ցանկացած ոք (անկախ ազգությունից և պատկանելիությունից), ով կհանդգնի հերքել կամ նսեմացնել հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության փաստը։
Սլովակ քաղաքական գործիչները հայտնում են նաև իրենց վրդովմունքը այսօր Հայաստանի և Արցախի շուրջ տիրող իրավիճակի կապակցությամբ։ Սլովակիայում մեծ ուշադրությամբ հետևում են այդ իրավիճակին և պահանջում դադարեցնել քրիստոնեության ճակատում մարտնչող Արցախի հայության, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ զարգացող ոտնձգությունները։
Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբի ափին, վեր է խոյանում հայ մշակութային սիմվոլ համարվող խաչքարը, որի շուրջ ամեն տարի հավաքվում են սլովակներն ու հայերը՝ նշելու Հայոց ցեղասպանության փաստը, և որն ամեն անգամ հիշեցնում է այն տասնյակ հազարավոր հայոց մշակութային արժեքների ոչնչացումը, որ տեղի է ունեցել Ադրբեջանում և Թուրքիայում։ Մշակութային կոթողների ոչնչացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը հանդիսացող մշակութային ցեղասպանություն։ Նման տասնյակ-հազարավոր խաչքարեր ոչնչացվել են ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, հին հայկական Նախիջևանում՝ ադրբեջանցիների կողմից։ Այդ ոճրագործության շուրջ իր աչքերը փակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անտեսելով և արհամարհելով միլիոնավոր բողոքները և պահանջները՝ հետազոտել իր նմանը չունեցող հանցագործությունը։
Սլովակիայի քաղաքական և հասարակական գործիչները բարձրացնում են իրենց ձայնը՝ պահանջելով և ՄԱԿ-ից, և ՅՈՒՆԵՍԿՕ-ից, և այլ միջազգային կառույցներից, իրենց ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված չափազանց լարված իրավիճակը՝ ևս մի նոր կոտորածներ և ընդհարումներ տեղի չտալու համար։
Նամակը ստորագրել են ի թիվս այլոց, նաև Սլովակիայի Ազգային խորհրդի Նախագահ և Սլովակյան Ազգային Կուսակցություն (ՍԱԿ/SNS) ղեկավար պարոն Անդրեյ Դանկոն, Տրնավա մարզի մարզպետ Տիբոր Միկուշը, Քրիստոնյա-Դեմոկրատական կուսակցության նախագահ Յան-Ֆիգելը, Սլովակիայի Ազգային Խորհրդի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մառոշ Կոնդրոտը և այլոք։
Կոնկրետ Սլովակիայի ԱԽ նախագահ և ՍԱկուսակցության ղեկավար պարոն Անդրեյ Դանկոն,մասնակցելով 2015թ․ապրիլի 24-ին Երևանում կայացած Եղեռնի զոհերի հիշատակի արարողությանը, իր հարգանքի տուրքն էմատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր բնաջնջվել էին օսմանյան թուրքերի կողմից։ ԵՀՄՖ-ի նախագահին ուղղված պատասխան նամակում նա մասնավորապես նշում է․
«Դա շատ ուժեղ զգացում էր, երբ ես տեսա այդ հարգանքը, ա՛յն, թե ինչպիսի ողբերգության ապրումով են հայերը հարգում Եղեռնի զոհերի հիշատակը, ա՛յն, որ հիշատակի արարողությանը Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր հոսքի պես գալիս էին հազարավոր մարդիկ, երիտասարդներ։ 101 տարին շատ կարճ ժամանակաշրջան է ազգի հիշողության համար և Հայերից մենք կարող էինք սովորել այն, թե իրենք ինչպիսի արտասովոր հպարտություն են ապրում իրենց ազգային պատկանելիության համար, իրենց կրոնի համար»:
«Աշխարհը լավ կաներ փնտրել այն, ինչը մեզ միավորում է, և ոչ թե այն, ինչը մեզ բաժանում է։ Հակառակ պարագայում առաջանում են կոնֆլիկտներ։ Հիշատակն այս ողբերգության, որը տեղի ունեցավ կրոնական անհանդուրժողականության հիմքի վրա, միավորեց հարյուր հազարավոր մարդկանց Երևանում այն հավատով, որ նմանատիպ բան այլևս չի կրկնվի»,- ավելացրել է ՍԱԿ (SNS)-ի ղեկավարը։
«Այս հսկայական ողբերգությունը պետք է անդադար հիշատակել, որպեսզի նմանատիպ ոչ մի բան այլևս չկրկնվի։ Չկա ավելի վատ բան, քան կրոնական պատերազմը, չկա ավելի վատ բան, քան մեկը մյուսին չհարգելը», – նշել է Անդրեյ Դանկոն, ավելացնելով, որ «այսպիսի հիշատակումները մեզ բոլորիս համար չափազանց կարևոր են, առավել ևս, որ նույնիսկ այսօր աշխարհում տեղի են ունենում վայրագություններ կրոնական հողի վրա, ընդ որում՝ դրանից տառապում են անմեղ մարդիկ։»
Բրատիսլավա, Սլովակիա