“Ժողովուրդ”-ը գրում է. “Օստապ Բենդերը, երբ գլուխ էր գովում, թե ինքը փող աշխատելու համեմատաբար ազնիվ 400 միջոց գիտի, ծանոթ չի եղել ՀՀ իշխանություններին։ Այլապես մեծն կոմբինատորը ստիպված կլիներ խոստովանել, որ այդ ոլորտում զիջում է նրանց, մասնավորապես` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին։
Դատե՛ք ինքներդ. Ըստ “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ԴԱՀԿ-ին պատկանող BYD մեքենաները վերանորոգվել են “Քեթրին գրուպ” ՍՊԸ-ում։ Իսկ թե ում է պատկանում այս ՍՊԸ-ն, հայտնի է ամենքին. անգամ ԴԱՀԿ պետ Մ. Պողոսյանի կենսագրության մեջ է նշված, որ 1996թ.-ին ինքն է եղել դրա հիմնադիրը։ Եվս մեկ կարևոր հանգամանք. “Քեթրին գրուպը”-ը զբաղվում է Հայաստան մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ BYD մակնիշի մեքենաների ներկրմամբ։
Եթե ուշադրություն դարձրիք՝ ԴԱՀԿ-ի վերանորոգված մեքենաները պատկանում են հենց BYD ֆիրմային։ Կատարվածն այլ կերպ, քան կոռուպցիայի դասական օրինակ, հնարավոր չէ որակել։ Փաստորեն ԴԱՀԿ պետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ՀՀ պետբյուջեի միջոցներն ուղղում է սեփական բիզնեսի բարգավաճմանը։