Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) և ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Սարգիս Հախանումյանը (Տլե), Սարգիս Գևորգյանն (Ծգլ) ու Վահան Հակոբյանը (Գաստիկ) չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացած հերթական դատական նիստին, պատասխանելով դատարանի հարցին, նման պատասխան հնչեցրին ամբաստանյալները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ օգտվում են իրենց իրավունքից և հրաժարվում այլ հարցերի պատասխանել:
Դատավորի հարցին՝ ինչու չեն ընդունում մեղադրանքը, նրանք պատասխանեցին, թե կատարվածի հետ կապ չունեն:
Վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հայտարարվեց, որ հաջորդին ևս չներկայանալու դեպքում բերման ենթարկելու որոշում կկայացվի:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 10-ին:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Վերջում հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքում սպանվել էին Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադրոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանցը (Մոսո): Նրանք ՔԿՀ էին այցելել իրենց ընկերոջը՝ այդ ժամանակ կալանավորված Դավիթ Իսպիրյանին տեսակցելու:
Ըստ մեղադրանքի՝ Գաստիկը խնդիրներ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ, երկար ժամանակ հետևել նրան, ապա Ծգլի և Տլեի հետ ծրագրել սպանել նրան: