Կոռուպցիայի դասական օրինակներից է, երբ բարձրաստիճան չինովնիկը, օգտագործելով պաշտոնական դիրքը, պետական բյուջեի միջոցներով գնումները կատարում է իրեն կամ իր մերձավորներին պատկանող ընկերություններից: Այս երեւույթը Հայաստանում ոչ միայն տարածված է, այլեւ զանգվածային բնույթ է կրում:
«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում անդրադարձել էր նման մի դեպքի: Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամ է ծախսել ԴԱՀԿ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների վերանորոգման համար: Իսկ այդ մեքենաները վերանորոգվել են «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում, այսինքն` այն ընկերությունում, որի հիմնադիրը եւ սեփականատերը նույն ինքը` Միհրան Պողոսյանն է: Եվս մեկ ուշագրավ փաստ. ԴԱՀԿ մեքենաները BYD ֆիրմայի են, իսկ BYD մակնիշի մեքենաներ Հայաստան ներկրում է միայն Մ.Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերությունը: Այս ամենը խոսում է մեկ բանի մասին. ԴԱՀԿ պետը օգտագործել է իր պաշտոնական դիրքը եւ ԴԱՀԿ-ի համար պետական բյուջեի միջոցներով մեքենաներ ձեռք բերել հենց իր ֆիրմայից: Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ ԴԱՀԿ հաշվեկշռում հենց իրենց ղեկավարի ներկրած մեքենաներն են:
Հանուն արդարության պետք է նկատենք, որ Միհրան Պողոսյանը միակը չէ, որ այսպես է վարվում: Այս հարցում նրանից ետ չի մնում ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին է պատկանում «Յուքոմ» ընկերությունը, եւ ՊԵԿ-ը օգտվում է այս ընկերության հեռախոսակապի ծառայություններից: Օրինակ՝ ապրիլին ՊԵԿ-ը պետական բյուջեից 24 մլն դրամ էր փոխանցել «Յուքոմ»-ին` ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար, հունիսին` 1 մլն դրամ եւ այսպես շարունակ: Բացի այդ, ՊԵԿ-ը ապրիլին 1 մլն դրամ էլ ծախսել էր` մի մարզական միջոցառման համար սպորտային պարագաներ գնելու համար: Իսկ գնումները կատարել էր Գագիկ Խաչատրյանին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից: Նշենք, որ «Մեգա սպորտ»-ը համարվում է Երեւանի ամենաթանկ խանութներից մեկը, բայց դա չի խանգարել, որ ՊԵԿ-ն իրեն անհրաժեշտ ապրանքները ձեռք բերի հենց այնտեղից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս տարվա հունվարին կայացած կառավարության նիստերից մեկում որոշում էր ընդունել, ըստ որի` նախատեսվում է հողօգտագործողներին տալ ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ` 1 լիտրը 350 դրամով: Այն ժամանակ դիզվառելիքի շուկայական գինը կազմում էր մոտ 490 դրամ, եւ մնացած 140 դրամը կառավարությունը վճարել էր պետբյուջեից սուբսիդավորման տեսքով: Դիզվառելիքի մատակարարն էլ եղել է «Ֆլեշ» ընկերությունը, որի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ վարչապետը քավորսանիկական հարաբերություններ ունի: Ասել է թե՝ վարչապետն էլ իր հերթին էր պետական բյուջեի միջոցներն ուղղել իր մտերիմի ու քաղաքական հովանավորի հարստացմանը:
Այս երեւույթը լայնորեն կիրառվել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Ինչպես հայտնի է, Քոչարյանի որդուն է պատկանում «Տոյոտա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Եվ «զարմանալի զուգադիպությամբ» նրա պաշտոնավարման ընթացքում կառավարության եւ պետական մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների ծառայողական մեքենաները հենց «Տոյոտա» ֆիրմայի էին:
ԲՀԿ-ի` կոալիցիայում եղած տարիներին ԲՀԿ-ական նախարարներն իրենց բոլոր միջոցառումները, սեմինար-քննարկումները կազմակերպում էին հենց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «օբյեկտներում»: ՀՀԿ-ական նախարարներն էլ իրենց միջոցառումներն են անցկացնում ՀՀԿ-ականներին պատկանող վայրերում:
Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Բայց կատարվածն էլ բավական է ցույց տալու, թե ինչ վիճակ է տիրում Հայաստանում: Եվ այս ամենը հետեւանք է ամենաթողության ու անպատժելիության:
ԻՆՉՊԵՍ ԼԱՓԵԼ ՄԻԼԻՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ