ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ
Երեկ՝ կառավարության նիստից հետո, ուսանող ցուցարարները երթ անցկացրին դեպի ԵՊՀ, որտեղ կայացած ժողովի ժամանակ էլ որոշեցին ընդունել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրավերը: Աշոտյանը, լսելով ուսանողների պահանջները, ասաց, որ այժմ ուսման վարձերը բարձրացրած 6 բուհերը չեն կարող վերանայել որոշումը, ուստի իրենք առաջիկայում մի շարք օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալու, որոնց միջոցով փորձելու են մեղմել ուսանողների ֆինանսական պարտավորությունները: Նա հավելեց, որ պատրաստվում են հանդես գալ պետության համար գերակա մասնագիտությունների գծով պետական պատվերով անվճար ուսուցման տեղերի 10-20%-ով ավելացման նախաձեռնությամբ: Բացի այդ, նախատեսվում է լավագույն ուսանողներին հատկացնել 200-500 հազ. դրամի հասնող միանվագ կրթաթոշակ եւ այլ զեղչեր: Մոտ 1 ժամ զրուցելուց հետո, դժգոհ մնալով նախարարի հետ հանդիպումից, ուսանողներն ասացին, որ ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ որ իրենց պահանջները կատարվեն:
ՆՈՐԻՑ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2013թ. օգոստոսի 26-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երեւան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երեւան քաղաքի Չարենցի փողոց 25՝ 1 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-
Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վիրավորվել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: Իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիփ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշի ավտոմեքենաները: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը, իսկ Արամ Չախոյանը (DJ Արամ) եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներ: