ԴԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է 17-ամյա մի աղջկա` Մ. Բ.-ի նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված երկու երիտասարդների քրեական գործի դատաքննությունը:
Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» իրավական կայքը, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 7 լույս 8-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Հաղարծին գյուղի հարակից անտառամասում՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, նույն գյուղի անչափահաս բնակչուհի 17-ամյա Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով աղջկա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Նույն գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի կեսին՝ գիշերվա ժամը 2-ին, Հաղարծին գյուղում՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Երկու երիտասարդները նախկինում դատված չեն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որ կատարվել են անչափահասի նկատմամբ): Նշենք նաեւ, որ սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում:
Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է օգոստոսի 6-ին, հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 6-ին: Նշենք, որ նախաքննության ընթացքում երկու երիտասարդներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն համարել: Նկատի ունենալով քրեական գործի բնույթը` դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է դատավարությունն անցկացնել  դռնփակ կարգով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս