Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին հայտարարությունները ստիպեցին ադրբեջանական կողմին արագացնել հանդիպումները.Պետդումայի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովը:

– Պարո՛ն Պախոլկով, արդեն հայտնի է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այս հանդիպումը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ:

– Ցանկացած հանդիպում մեկ քայլ առաջ է: Այսօր ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին հայտարարությունները ստիպեցին ադրբեջանական կողմին արագացնել հանդիպումները: Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմն ինչ-որ բան պետք է առաջարկի:

– Բայց այս պահին Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ճի՞շտ քայլ կլինի:

– Դա կախված է այն հանգամանքից, թե ինչի կհանգեցնի ճանաչումը: Եթե ճանաչումը հնարավոր կդարձնի պատերազմի կանխումը, ապա պետք է պաշտպանել: Հայերը պետք է պաշտպանեն հայերին. եթե ես հայ լինեի, այդպես կվարվեի: Հիմա Ադրբեջանում կան մարդիկ, հատկապես երիտասարդներ, ովքեր պատերազմ են ցանկանում`  առանց հասկանալու, որ այն մեծ թվով կորուստների կհանգեցնի: Այն մարդկանց, ովքեր գոռում են «պատերազմ է պետք», պետք է ցույց տալ Դոնբասը, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում ժամանակակից պատերազմը:

– Իսկ կոնֆլիկտի լուծման ինչպիսի՞ տարբերակներ եք տեսնում: Արդյոք նոր համաձայնագրի կարիք կա՞: 

– Նոր փաստաթուղթ պետք է, քանի որ հինն ուղղակի հնացել է: Նոր փաստաթուղթը հնարավորություն կտա հարցի խաղաղ ճանապարհով լուծման համար ճանապարհային քարտեզ կազմել: Ես կարծում եմ, որ որքան էլ կողմերը չցանկանան, ինչ-որ մի պահի նոր փաստաթղթի կարիք է լինելու: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ողբերգություն էլ երկու երկրների համար էլ, այդ պատճառով անհրաժեշտ է շատ արագ նոր փաստաթուղթ կազմել, որի գլխավոր պայմանը պետք է լինի կրակի իսպառ դադարեցումը, ինչպես նաև զորքերի ետ քաշվելը:

– Այսինքն` դուք և՞ս կողմնակից եք սահմանին խաղաղապահների տեղակայման:

– Բնականաբար այնտեղ պետք է տեղակայվեն ոչ հակամարտող կողմերի խաղաղապահներ, իմ կարծիքով`  ռուս խաղաղապահներ են պետք:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս