Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երևանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին:
Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Իսկ 1918 թվականին նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Ջահանգիր աղան իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո: Ցուցաբերած քաջության և խիզախության համար պարգևատրվել է «Գևորգյան» խաչով։
Հարկ է նշել, որ փողոցի անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հասարակական կազմակերպությունների և միավորումների կողմից:
Հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել հունիսի 24-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն