Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ կատարվող փոփոխությունները նպատակ ունեն զբաղվածության ծրագրերում ընդգրկել դատապարտյալներին, որպեսզի բացառվեն կրկնահանցագործությունները:
«Մենք փորձում ենք մեխանիզմներ ստեղծել, որ ուղղենք նրանց և բացառենք կրկնահանցագործությունները: Հնարավոր է, սոցիալական դրդապատճառներից ելնոլով, նա կրկին դիմի հանցագործության», – նշեց Քրմոյանը` կարևորելով դատապարտյալի կրթությունը, ապա հավելեց, որ ըստ այդմ պետք է ապահովվի նրա մասնագիտական կրթությունը ևս:
Ըստ փոփոխությունների` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պարտավոր է դատապարտյալի ազատման ժամկետից վեց ամիս առաջ հայտնել նրա ազատման մասին զբաղվածության կենտրոնին կամ համայնքին: