Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը հունսի 8-ին արտառոց՝ ճճվակալած վերքերի վնասվածքներով հիվանդ էր ընդունվել: 58-ամյա Գեւորգ Կոշկերյանը ընդունվել էր ծանր վիճակում և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Շտապ կատարվել էր առաջնային վիրահատական մշակում, վերականգնվել էր դաստակի զարկերակի արյան հոսքը, երկու օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո՝ հունիսի 10-ին տեղափոխվել էր հիվանդասենյակ:
ArmLur.am-ի թղթակիցն այցելեց հիվանդանոց: Կոշկերյանը գտնվում է ծանր վիճակում, գրեթե չի կարողանում խոսել: Մեր թղթակիցը զրուցեց Գևորգի երկրորդ կնոջ հետ, նա խնամում է նախկին ամուսնուն: Վերջինս մեզ պատմեց, որ հրաշքով է փրկվել: Գևորգին դաժանաբար խոշտանգել են:
Գևորգը, դժվարությամբ խոսելով հայտնեց, որ իրեն ժամադրել են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, այնուհետև ստիպողաբար նստեցրել են մեքենա և տարել են մի անծանոթ վայր, հետո ավտոտնակում դաժանաբար խոշտանգել են:
«Շատ պարտքեր ունեմ, ամբողջ Հայաստանին պարտք եմ: Խոշտանգելուց հետո ինձ տարան բարեկամիս տուն: Անգրագետ մարդիկ են, վախեցան, դրա համար էլ շտապ օգնություն, ոստիկանություն չկանչեցին, մտածում էին կմեռնեմ կպրծնեն»,- նշեց նա:
Գևորգի կինը հայտնեց. «դեպքից արդեն անցել է 5 օր, սակայն ոստիկանությունից դեռ ոչ-ոք չի եկել, չեն հարցաքննել, չեն հետաքրքրվել: Այս ամենը շատ զարմանալի է»: Հարազատները պնդում են, որ կատարվածը իրավապահ մարմինները աչքաթող են արել:
Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նման հաղորդում չեն ստացել:
Հավելենք, որ Գևորգը երկու անգամ ամուսնացած է եղել, երկու անգամ էլ բաժանվել է: Ունի մեկ աղջիկ, սակայն երկար ժամանակ է չեն շփվում: «Գևորգը միշտ կասկածելի և վտանգավոր գործերի մեջ է եղել, այդ իսկ պատճառով էլ բոլոր բարեկամնները խուսափել են իր հետ շփվելուց: Ենթադրում ենք , որ շատ լուրջ մարդկանց հետ կապ ունի: Վախենում է խոսել, թե ովքեր են իր հետ այսպես վարվել»:
Կինը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այրված, կտրված հատվածնները նշաններ են, հնարավոր է, որ խոշտանգիչններն այս միստիկական նշաններով ինչ- որ բան են ցանկացել ասել:
Գևորգի ամբողջ բուժումը իրականացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնը : Առաջիկայում Գևորգին սպասվում է ևս մեկ վիրահատություն:
Հիշեցնենք , որ Գևորգը նախկինում 17 տարվա ազատազրկման Է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության և սպանության մասնակցելու համար:
Լիդա Եղիազարյան