Կլիմայական ռիսկերի միասնական կառավարմանը նվիրված աշխատաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կլիմայական ռիսկերի ինտեգրված կառավարման ծրագրի (ԿՌԻԿԾ) առաջին փուլի արդյունքների ամփոփման եռօրյա աշխատաժողովը:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած գլոբալ կլիմայական ռիսկերի միասնական կառավարմանն առնչվող հարցերի քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ ճգնաժամերի կանխման և վերականգնման գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարում» ծրագիրը նախատեսված է 2013-2016 թթ. համար: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է 6 երկրում` Հայաստան, Հոնդուրաս, Ինդոնեզիա, Քենիա, Նեպալ և Ուգանդա: Նպատակն է օգնել այդ երկրներին կլիմայի ռիսկերի մասին տեղեկացվածության միջոցով ամրապնդել իրենց կարողությունները` դիմակայելու կլիմայի փոփոխության և դրա հետևանքով առաջացող բնական վտանգներին:

Այս սեմինարը հնարավորություն է տալիս համախմբել բոլոր վեց մասնակից երկրներում ձեռք բերված արդյունքներն ու լավագույն փորձը, կիսել դրանք մյուսների հետ՝ միջամտությունների արդյունավետությունը գլոբալ մակարդակով բարելավելու համար:

Մասնակիցներն աշխատաժողովի ընթացքում կքննարկեն նաև ՄԱԶԾ կողմից առաջարկվող միասնական գործիքակազմը, որը նպաստելու է աղետների ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերը Զարգացման օրակարգի մեջ ընդգրկելուն, ինչպես նաև երկրների կողմից ծրագրի 2-րդ փուլին և նոր գլոբալ գործընկերության «5-10-50» նախաձեռնությանը նախապատրաստվելուն:

Հանդիպում-քննարկման շրջանակներում մասնակիցները կայցելեն նաև Վայոց ձորի մարզ, որտեղ կծանոթանան ծրագրի շրջանակներում իրականացվող կլիմայի նկատմամբ դիմակայուն գյուղական համայնքներում ցուցադրական ծրագրի ընթացքին:




Լրահոս