Հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը, որի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, հունիսի 16-ին ավարտվեց: Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացված եռօրյա փառատոնին մայրաքաղաքը և տարբեր մարզեր ներկայացնող թիմերը մրցում էին շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում:
Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես գալով տարբեր թիմերում` լուրջ արդյունքեր են գրանցել, գրավել մրցանակային տեղեր և արժանացել բարձր պարգևների. Սևակ Մխիթարյան բասկետբոլ և ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Կոտայքի մարզ) Հարություն Մխիթարյան ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Լոռու մարզ) Սարգիս Միրիբյան ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Գեղարքունիքի մարզ) Հովհաննես Խզմալյան բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Երևան) Գրետա Վարդանյան ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Շիրակի մարզ) Նուբար Կիրակոսյան սեղանի թենիս՝ ոսկե, բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Արագածոտնի մարզ):
Փառատոնի մասնակից Գրետա Վարդանյանը, ով ապրիլի 7ին յուրատեսակ նվեր է ստացել՝ աշխատանքի ընդունվելով Արտակարգ իրավիճակների նախարարություն, այս տարի Հայաստանը կներկայացնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերում: Գրետան մեծ ոգևորությամբ սպասում է խաղերի մեկնարկին և տրամադրված է միայն լուրջ արդյունքների, քանի որ տանը նրան սպասում է ամենահավատարիմ և սրտացավ փոքրիկ երկրպագուն:
Վեցամյա Օֆելյան մայրիկին սպասում է միայն հաղթանակած: ՀՀ ԱԻ նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամ աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի, ինչպես նաև՝ ամենօրյա մարզումների համար: