Սերժ Սարգսյանը երբևէ Տարոն Մարգարյանին հարցրե՞լ է` ինչու են անբարեկարգ փողոցները միայն իր այցից առաջ նորոգվում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, ով նաեւ ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահն է, երեկ մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նա շրջել է համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել պայմաններին:

Ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել թվով 490 շահառու, հիմնականում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ, երիտասարդ մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ:

Ինչ խոսք՝ սա այն եզակի ծրագրերից է, որը, թեեւ որոշակի ուշացումներով, այնուամենայնիվ, իրականացվում է եւ զգալի աջակցություն է երիտասարդ մասնագետներին: Ընդ որում, այս ծրագրի հետ կապված տեւական ժամանակ կար միջոցների սղության խնդիր, եւ դրա իրականացումը, թերեւս, մեծապես պայմանավորված էր այն փաստով, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է ԵՊՀ խորհրդի նախագահը:

Հատկապես միջոցների սղության խնդիրը նկատի առնելով՝ առավել տարակուսելի է այն, որ երեկ հատուկ Սերժ Սարգսյանի այցի առիթով Ծարավ Աղբյուրի եւ հարակից փողոցները հապշտապ կերպով՝ ընդամենը 1.5 օրում ՃՈ-ն կարողացավ գծանշել, իսկ մոտ մեկ ամիս առաջ էլ դեպի այդ հասցե տանող ավտոճանապարհները նորոգվել էին: Եթե այդ աշխատանքների իրականացման համար միջոցներ չկային, ապա ինչպես դրանք հայտնվեցին Ս. Սարգսյանի այցի նախօրեին, իսկ եթե կային, եւ դա չէր արվում, ապա հարց է առաջանում՝ ինչու:

Ընդհանրապես նման հարցերում շատ բան կախված է հենց երկրի ղեկավարից: Կարծում ենք՝ Ս. Սարգսյանին պետք է որ հետաքրքրեր այդ հարցը, թե ինչու են այս փողոցները հենց իր այցին ընդառաջ բարեկարգվել, եւ դա պետք է նրան ոչ թե շոյվելու, այլ լրջորեն մտահոգվելու առիթ տար: Ի վերջո, նա հո Հռոմի Պապը չէ, որ իր այցին ընդառաջ փողոցները մաքրվեն:

Արդյոք Սերժ Սարգսյանը այս մասին հարցրել է բացմանն իր կողքին կանգնած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, դժվար թե: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը դա նորմալ է համարում, եւ նման հարցի բարձրաձայնումը մեր քրեաօլիգարխիկ էլիտայի պայմաններում անգամ կարող է եւ սխալ ընկալվել:
Ի դեպ, առաջիկայում ՀՀ քաղաքացիները Սերժ Սարգսյանին կտեսնեն «Արմքոմեդի» երգիծական հաղորդման շրջանակներում՝ հոբելյանական 500-րդ հաղորդման հյուրի կարգավիճակում: Թերեւս այս դեպքում սխալ ընկալման խնդիր չի լինի: Ըստ ամենայնի, մեր երկիրը «կրկեսի վերածելուն» դեմ հանդես եկող նախագահի համար երգիծական հաղորդումը միանգամայն համահունչ ձեւաչափ է:

 




Լրահոս