Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել. Շտայնմայեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն խնդրին տևական լուծում տալու համար: Երևանում այս մասին հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ­-Վալտեր Շտայնմայերը: Նա նաև հավելեց, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել:

«Ինչպես այս առճակատման կողմերին, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահներին, պարզ է դարձել, որ տևականորեն ստատուս քվոն այսպես հնարավոր չէ պահպանել: Որքան ավելի շատ է տևում այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական էսկալյացիայի ռիսկը: Այդ պատճառով մենք պետք է ջանանք խուսափել այս իրավիճակից: ԵԱՀԿ­ն, ես, որպես գործող համանախագահ, պետք է հաստատակամորեն ջանքեր գործադրենք, որ այս հակամարտության համար տևական լուծում գտնենք»,­ասաց Շտայնմայերը:

Նախարարն առաջընթաց համարեց շփման գծում իրավիճակի հանդարտեցումը` այն գնահատելով որպես բոլոր կողմերի ջանքերի արդյունք: «Պետք է ասել, որ մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք: Մենք հիմա ամեն բան պետք է գործադրենք, որ այս իրավիճակը պահպանենք, ապա պետք է փորձենք բանակցային գործընթացը նյութական դարձնել: Դրա համար մեզ անրաժեշտ է ԵԱՀԿ­ի ջանքերը, անհրաժեշտ է Միսնկի խմբի համանախագահների ջանքերը, դրան ավելանում է նաև կոնֆլիկտի կողմերի փոխզիջման գնալու պատրաստակամությունը»,­- ավելացրեց Գերմանիայի ԱԳ նախարարը:

 




Լրահոս