«Ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց` նշելով, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքենաների մաքսազերծման գները կտրուկ կբարձրանան:
«Ղազախստանցի ավտոներկրողները մինչ ՄՄ-ին անդամակցելը ակտիվ կարողանում էին Վրաստանի ավտոշուկայից մեքենա ներկրել: Սակայն երբ անդամակցեցին ՄՄ-ին, անմիջապես դադարեց Վրաստանից մեքենաների ներկրումը: Որոշ ժամանակ անց ղազախ գործընկերներից տեղեկացանք, որ այնտեղ կտրուկ աճել են արտասահմանյան մեքենաների ներկրման մաքսազերծման գները: Հիմա ոչ մի ղազախ Վրաստանից մեքենա չի ներկրում: Եվ քանի որ մենք սահման չունենք ՌԴ-ի հետ, այս պատճառով էլ կոչ եմ անում մեր կառավարության անդամներին ՄՄ-ին անդամակցելուց առաջ մաքսազերծման գների մասով խորը ուսումնասիրություններ կատարել: Հավատացե՛ք, որ հազարավոր ընտանիքներ գոյատեւում են մեքենաների առքուվաճառքով: Մենք պատրաստ չենք այսօր մեկնել Վոլգոգրադ, Սանկտ-Պետերբուրգ եւ ռուսական այլ քաղաքներ ու այնտեղից մեքենաներ ներկրել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում առաջիկա դժվարությունները ներկայացրեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նա նշեց նաեւ, որ հայ ավտոներկրողների մի մասը Վրաստանից է ձեռք բերում մեքենաներ, մյուս մասը` Ճապոնիայից կամ Եվրոպայից, քանի որ այդ երկրներից ավելի հեշտ է մեքենաներ ներկրելը, քան Ռուսաստանից:
Հրաչ Պետրոսյանն արդեն չորս տարի է, ինչ Վրաստանից մեքենա է ներկրում եւ Հայաստանում վաճառում: «ՌԴ-ից բոլորը փորձելու են ցամաքային ճանապարհով մեքենա բերել, որը ծախսատար է: Մենք ոչ թե դեմ ենք ՄՄ-ին, այլ պարզապես պահանջում ենք, որ մեր կառավարության անդամներն ավելի ուշադիր լինեն անդամակցելու համար նախատեսված փաստաթղթերը ստորագրելուց առաջ: Բացի այս՝ ՌԴ գնալ-գալը դժվար է մեզ համար, մինչդեռ Վրաստանից կարողանում ենք երկու օրվա ընթացքում մեքենա բերել Հայաստան ու վաճառել»,-ներկայացրեց Հրաչը:
«Ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանից տեղեկացանք նաեւ, որ ավտոներկրողներն ընդգրկված չեն որեւէ արհմիության մեջ: Նրանք օրենքից դուրս են եւ բացարձակ տեղյակ չեն մաքսային օրենքներին ու գներին, նույնիսկ չգիտեն, թե դրանք որտեղից են գոյանում: Բացի այդ՝ Հովհաննիսյանը դժգոհեց նաեւ Հայաստանի մաքսազերծման գներից. «Ուղղակի երազում ենք, որ մեզ մոտ սահմանված մաքսազերծման գները Վրաստանում առկա գների չափ լինեն: Մեր եկամուտը չնչին է, քանի որ Հայաստանում մարդկանց մոտ մոդա է դարձել մեքենան «փակովի» ճանապարհով ձեռք բերել: Այսինքն` վաճառողի հետ պայմանավորվում են մինչեւ մեկ տարի ժամանակահատվածում վճարել, ինչն էլ եկամտաբեր չէ ներկրողների համար»:
ՀԿ-ի նախագահի խոսքով՝ ավտոներկրողները հարկային դաշտից դուրս են: Նրանք մեծ ցանկություն ունեն կազմավորվել որպես անհատ ձեռներեցներ (ԱՁ), որով կկարողանան երկու մեքենայի փոխարեն ներկրել տասը: Ըստ Հովհաննիսյանի՝ պատճառը 2008թ. հարկային օրենսդրության փոփոխությունն է: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ մեքենան ներկրելու դեպքում, բացի մաքսազերծման գումարից, ներկրողները վճարում են նաեւ լրացուցիչ հարկեր:
«Հայաստանում գործող ներկրող կազմակերպությունները` «Տոյոտա»-ն, «Միցուբիշի մոթորս»-ը, հակառակը, տարվա կտրվածքով ներկրում են հարյուրավոր մեքենաներ, միգուցե իրենց ձեռնտու է այդ հարկատեսակներով հարկ տալը, բայց ոչ այն ֆիզիկական անձի համար, որը տարին մեկ-երկու մեքենա է ներկրում ու դրանով ընտանիք պահում»,-նկատեց Հովհաննիսյանը:
Ներկրողներից եւ ոչ ոք դեմ չէ հարկերը վճարելուն, նրանք միայն պահանջում են հստակ հարկատեսակ եւ չափ սահմանել, օրինակ` սկզբնական շրջանում ինչ-որ հաստատագրված վճար, որ բոլոր ֆիզիկական անձինք գան հարկային դաշտ:
«Եթե որպես ներկրող կամ շահույթ հետապնդող չես երեւում, ապա ոչ մի բանկ էլ պատրաստ չէ աջակցել կամ վարկ տալ բիզնեսը զարգացնելու համար: Հետեւաբար նրանք ուզում են հարկ վճարել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ֆիզիկական անձանց համար հարկատեսակը որեւէ կերպ սահմանված չէ»,-նշեց Հովհաննիսյանը:
Իսկ ավտոներկրող Սեյրան Մարտիրոսյանի խոսքով՝ մինչեւ 2005թ. արտադրության, այսինքն` 5 տարեկան մեքենայից գանձվում է մաքսավճար մեքենայի արժեքի 32, մինչեւ 10 տարեկանից` 34, իսկ 10-15 տարեկանից` 42 տոկոսը: Այս գումարի մեջ մտնում է պետտուրքը, բնապահպանության վճարը եւ ԱԱՀ-ն: «Ինչքան շատ է մեքենայի մաշվածությունը, այնքան բարձր է մաքսազերծման գինը: Իսկ տոկոսը հաշվվում է, այսպես կոչված, հսկիչ գնից, որը որոշում են մաքսային կոմիտեի ստորաբաժանումներում: Նրանք դա ինքնուրույն են որոշում, չեն էլ հետաքրքրվում, թե արտերկրում ինչ գնով ես ձեռք բերել մեքենան: Ֆիքսված գին ունեն, որից էլ հաշվում են համապատասխան տոկոսները»,-լրացրեց ավտոներկրողը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ