Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովում ներկայացած կանայք առնվազն 22 հոգի կլինեն` ընդհանուր առնվազն 101 պատգամավորների 20 տոկոսից ոչ պակաս: Այդպես է նախատեսված ՀՀ ընտրական նոր օրենսգրքով:
Ավելին՝ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուների առնվազն 25 տոկոսը պետք է լինեն կանայք, կամ այլ կերպ ասած՝ որեւէ սեռի թեկնածուները չեն կարող 75 տոկոսից ավել լինել:
Գործող խորհրդարանի 131 պատգամավորներից կանայք 13-ն են, այսինքն՝ ընդհանուրի տասը տոկոսից մի փոքր պակաս: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ապագա խորհրդարանում կանանց ներգրավածությունը գործող ԱԺ-ի համեմատ կրկնակի կավելանա:
Սակայն ուշագրավն այն է, որ չնայած գործող խորհրդարանում կանայք թվով քիչ են, բայց բավականին որոշիչ դերակատարություն ունեն: Խորհրդարանի վեց խմբակցություններից երեքի` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «ժառանգության» ղեկավարը կանայք են: «Ժառանգություն» խմբակցության դեպքում փաստացի պարտադրված իրավիճակի հետ գործ ունենք: «Ժառանգության» չորս պատգամավորներից խմբակցության հետ կապ ունի միայն Զարուհի Փոստանջյանը եւ հենց նա էլ ներկայացնում է այդ քաղաքական ուժին:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես ունի 33 պատգամավոր, սակայն նրանցից փաստացի խմբակցության հետ կապ ունեն 25-ը: Նրանցից միակ կին պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն է, որին էլ կուսակիցները ընտրել են խմբակցության ղեկավար: ՕԵԿ խմբակցությունն էլ ունի 5 անդամ, որոնցից իգական սեռի միակ ներկայացուցիչը Հեղինե Բիշարյանն է, եւ հենց նրան էլ վստահվել է խմբակցության ղեկավարի պաշտոնը:
ԱԺ խմբակցության ղեկավարը տվյալ քաղաքական ուժի տեսակետը խորհրդարանում ներկայացնող թիվ մեկ անձն է: Այլ կերպ ասած՝ հենց նա է տվյալ կուսակցության կամ դաշինքի հիմնական քաղաքական ասելիքը հնչեցնողը: Սակայն ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանի ընթացքում ծավալված բուռն բանավեճի արդյունքում պարզ դարձավ, որ կին խմբակցության ղեկավարների խոսքին եւ դիրքին նույնիսկ նրանց կուսակից ընկերները լուրջ չեն վերաբերվում: Բանն այն է, որ նշված բանավեճի ընթացքում, ինչպես հայտնի է, կողմերից մեկը ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էր, մյուսում` ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
Բայց ինչպես արդեն նշեցինք՝ այդ խմբակցությունների պաշտոնական տեսակետը ներկայացնող «առաջին դեմքերը» կանայք են: Արդյունքում, բանավեճի այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները որպես «հակառակորդին» խոցող հակափաստարկ մատնանշում էին, որ նա կանանց հետ է բանավեճի բռնվել: Առաջին հայացքից թվում է, թե կուսակցական կին առաջնորդներին պաշտպանելու մղումով հնչեցված այդ տեսակետը պետք է խոցի հակառակորդին: Իրականում այդ մոտեցումը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դնում այդ նույն կանանց կուսակից տղամարդկանց: Փաստորեն մի քանի հազար կուսակցական տղամարդկանցով իրենց առաջնորդ են ընտրում կնոջը, նա դառնում է նաեւ խմբակցության ղեկավար եւ խորհրդարանում իրենց քաղաքական ուժի պաշտոնական տեսակետը ներկայացնում, բայց քաղաքական բանավեճի ընթացքում նրա կուսակիցները որպես միակ հակափաստարկ մատնանշում են նրա սեռը: Նրանք մոռանում են, որ մարտի դուրս եկած կնոջն «ապտակող» տղամարդը չէ մեղավոր, այլ նրան «ճակատ» ուղարկած տղամարդը, որը որոշել է կնոջ փեշի տակ թաքնվել: Մյուս կողմից, եթե քաղաքական գործչի ասածների նկատմամբ վերաբերմունքը պետք է նրա սեռային պատկանելությամբ որոշվի, ապա բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց կուսակցությունում կանանց ղեկավար պաշտոնների են ընտրել, մեղմ ասած, անհարմար վիճակում են հայտնվում: Ստացվում է, որ տվյալ քաղաքական ուժի բոլոր պաշտոնական տեսակետներին, որոնք ներկայացնում է նրա իգական սեռի ներկայացուցիչ առաջնորդը, չի կարելի լուրջ վերաբերվել, դե, կին է, մի բան ասում է, կամ կնոջ ղեկավարած կուսակցությունն ինչ պետք է լինի եւ այսպես շարունակ:
Մի խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ կանանց ներգրավածությունը քաղաքական կյանքում առաջիկայում ավելանալու է, ուստի ժամանակն է, որպեսզի քաղաքական գործիչները գիտակցեն, որ բանավեճերի ընթացքում, եթե գործը չի հասել հայհոյանքներին կամ ձեռնամարտին, ապա անկախ սեռից կողմերը հավասար հարթությունում են գտնվում, քանի որ նրանց չափման միավորը հնչեցված ելույթի փաստարկված լինել-չլինելն է: Միեւնույն ժամանակ այն քաղաքական ուժերը, որոնք կորոշեն կին առաջնորդ ընտրել, պետք է գիտակցեն, որ այդպիսով իրենք նրան են վստահում իրենց կուսակցության կամ խմբակցության ընդհանուր տեսակը ներկայացնելու պատասխանատու գործը, եւ եթե հարկ լինի, իրենք պետք է կարողանան նրա հնչեցրած տեսակետը փաստարկներով պաշտպանել: Ի վերջո, սիրուն չէ, երբ տղամարդիկ որպես վահան կնոջ փեշն են օգտագործում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԱՄ-ԿԱՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ն առաջիկայում կայանալիք Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին հակված է պաշտպանելու «Գալա» Հ/Ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության թեկնածուին: Սակայն, ըստ նույն լուրերի, ՀԱԿ-ում մտավախություն ունեն, որ «ԳԱԼԱ»-ի հետ կարող է դաշինք կազմել նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցությունը: Ուստի ՀԱԿ-ը փորձում է «ԳԱԼԱ»-ից երաշխիքներ ստանալ, որ եթե իրենց կուսակցությունը համաձայնի աջակցել, ապա նրանք չեն փորձի Օսկանյանի հետ համագործակցության ուղիներ փնտրել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից, որը խնդրի առնչությամբ ասաց. «Այս պահին որեւէ պայմանավորվածություն, որեւէ համաձայնություն որեւէ մեկի հետ չկա»:
ԼՈՒԾՈՒՄ ԳՏԵՔ
Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Արցախի` բանակցությունների սեղանին վերադառնալու փափագը դեռեւս շարունակում է ստվերների հետեւում մնալ: «Ժողովուրդ»-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ըստ նրա՝ որքանով է հնարավոր, որ առաջիկայում Արցախը եւս դառնա լիարժեք բանակցային կողմ: «Ես ճիշտ չեմ համարում, թե աշխարհում անհնարին բան կա: Հայաստանի դիվանագիտությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, միայն ասել, որ Ադրբեջանը դեմ է, ինձ թվում է՝ այդքան էլ ճիշտ մոտեցում չի: Ադրբեջանը դեմ է, գտեք ճանապարհները, թե ինչպես անել, որ այդ հարցը կյանքի կոչվի: Դա պետք է դառնա իրենց ամենօրվա աշխատանքը»,- ասաց պատգամավորը:
ԸՆԴԴԵՄ ԴԱՀԿ-Ի
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գնումների աջակցման կենտրոնն իր բացասական եզրակացությունն է տվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կարիքների համար հայտարարված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի վերաբերյալ: Բանն այն է, որ ԴԱՀԿ-ն իր կարիքների համար գնել է քարթրիջների լիցքավորում ծառայությունը, մինչդեռ գնման առարկա են հանդիսացել համացանցային ծառայությունները: Ինչը, ըստ գնումների աջակցման կենտրոնի, չի համապատասխանում ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 69-րդ կետով սահմանված պահանջներին: Իսկ գնման առարկայի տեխնիկական առանձին բնութագրեր ունեցող գնումները խմբավորված են 1 չափաբաժնում, ինչը չի համապատասխանում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին:
ԱՅՍՕՐ ԿՀԱՅՏՆԵՆ
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության` Վանաձորում հրավիրվելիք խորհրդի նիստում կհրապարակվի կուսակցության հայտարարությունը աշնանը Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ: Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը tert.am-ին ասել է, որ այսօր կուսակցությունը կհայտնի իր թեկնածուի անունը: Հիշեցնենք՝ մամուլում նշվում էր, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում կուսակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանի եղբորը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին եւ նրանց մարզիչներին հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար:
ԱՆՀԱՄԱՉԱՓ
ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 7-9-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Ի դեպ, նշենք, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները: Պրակտիկ մարզումներին ներգրավված են 100-ից ավել դիպուկահարներ: Հիմնական ուշադրությունը սեւեռված է լինելու զինծառայողների ուսուցմանը, տակտիկական եւ կրակային պատրաստությանը` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները: Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:
ՀՌՉԱԿԱԳՐՈՎ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ, որում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Կոչ ենք անում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը` ներդնելու լուրջ ջանքեր` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված եւ համակողմանի լուծման»,- ասված է հռչակագրում: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն անցկացվել է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում:
ՆՈՐ ՄԻՋՆՈՐԴ ՊԵՏՔ ՉԷ
Աստանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նոր միջնորդի անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը, հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը: «Խնդիրը բարդ է, համապատասխան որոշումներ են ընդունվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մակարդակով: Հատուկ Մինսկի խումբ է ստեղծվել, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Կարծում եմ, որ նոր միջնորդներ փնտրելու անհրաժեշտություն չկա»,-ասել է Իդրիսովը: