Ընտրակեղծարարների գործունեության մասին մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամը» հրապարակել է այս տարվա առաջին կեսի հաշվետվությունը, եւ կարող ենք ասել՝ հաստատվեցին մեր կասկածները առ այն, որ մարզի ղեկավարությունը Արցախին օգնելու անվան տակ պետական հիմնարկ- ձեռնարկություններից եւ բնակիչներից գումարներ է հավաքել` ինչ-որ այլ նպատակներով օգտագործելու համար:

Այսպես՝ հրապարակված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, նշված հիմնադրամի հաշվեհամարին ոչ մի փոխանցում չի եղել: Հիմնադրամի հաշվեհամարին եղել է ընդամենը 432 հազար դրամի մնացորդ: Գումարները ստացվել են ապրիլի 6-ից սկսած: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Արցախի կառավարությունը հրապարակեց հատուկ հաշվեհամարներ, որպեսզի Արցախին օգնել ցանկացողները ցանկության դեպքում դրանց փոխանցեին իրենց նվիրաբերած գումարը: Բայց Կոտայքի մարզպետարանը, չգիտես ինչու, մարզի բոլոր պետական ձեռնարկություններին, դրանք են՝ դպրոցներ, հիվանդանոցներ, գյուղապետարաններ եւ քաղաքապետարաններ ու այդպես շարունակ, հանձնարարել է Արցախին օգնելու համար գումար փոխանցել մասնավոր հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Այս հիմնադրամն իրավական տեսանկյունից կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ, այն մասնավոր կառույց է, բայց դրա միջոցները տնօրինում է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Ինչպես արդեն նշեցինք՝ հիմնադրամի հաշվեհամարին անհատներն ու պետական ձեռնարկությունները սկսել են գումարներ փոխանցել ապրիլի 6-ից սկսած: Մինչեւ ապրիլի 15-ը հիմնադրամի հաշվեհամարում հավաքվել է 37 միլիոն 412 հազար 800 դրամ: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում նշանակված էին քաղաքապետի ընտրություններ:

Հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ ապրիլի 7-ին հաշվեհամարից ելք է արվել 5 միլիոն 100 հազար դրամ: Հաշվետվությունում այդ գումարի դիմաց նշված է «հիմնադրամից փոխանցվել է պահածոյացված սննդամթերքի արժեք՝ ԼՂՀ ուղարկելու համար»: Իսկ թե կոնկրետ ում է փոխանցվել, նշված չէ: Այլ կերպ ասած՝ հաշվետվություն հրապարակողները հոգացել են, որպեսզի գումարը ստացողի տվյալները գաղտնի մնան: Նման գրառում է արված նաեւ ապրիլի 8-ին փոխանցված 8 միլիոն 339 հազար 932 դրամի եւ ապրիլի 11-ով թվագրված 3 միլիոն 57 հազար 900 դրամի դիմաց: Ապրիլի 12-ի ամսաթվով էլ ելք են արվել 273 հազար դրամ, որը ներկայացվում է իբրեւ զինվորական համազգեստի համար վճարված գումար, եւ 300 հազար դրամ էլ՝ հեռադիտակների եւ անձրեւանոցային թիկնոցների համար: Անձրեւանոցային թիկնոցների անվամբ 200 հազար դրամ էլ ելք է արվել ապրիլի 15-ին:

Արցախ ուղարկված նյութական օգնություն տրամադրողների ցանկն ուսումնասիրելու արդյունքում «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» անունը ոչ մի տեղ չենք հանդիպում: Մեկ տեղ միայն առկա է Կոտայքի մարզպետարանի մասին գրառում, ըստ որի՝ այդ գերատեսչությունն Արցախ է ուղարկել 21 հազար 465 պահածոյացված սնունդ, կամ այլ կերպ ասած՝ պահածոյացված միս եւ 11 հազար 340 շիշ ըմպելիք: Արցախի կառավարությունից մեր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ օգնությունը ստացվել է ապրիլի 8-ին, ըմպելիքից 720 շիշը եղել է կեսլիտրանոց տարաներով հյութ, իսկ 10 հազար 620 շիշն էլ եղել է 1 լիտր տարողությամբ ջուր: Արդյոք այդ ապրանքը հենց հիմնադրամի միջոցների հաշվին է գնվել, թե դրանք Կոտայքի մարզպետարանի միջոցների հաշվին են ձեռք բերվել, չենք կարող միանշանակ պնդել: Այդ հարցի պատասխանը կարող է ստացվել միայն Կոտայքի մարզպետարանի հաշվապահությունը ստուգելու արդյունքում: Ամեն դեպքում, եթե նշված ապրանքը վերածենք գումարի, ապա մոտավոր հաշվարկներով այն համարժեք է լինում ընդհանուր 13 միլիոն 439 հազար 932 դրամին: Իսկ ինչ են եղել մնացած 3 մլն 830 հազար դրամը, անհայտ է, Արցախի կառավարության հրապարակած ոչ նյութական եւ ոչ էլ գումարային օգնության ցանկերում այդ մասին ոչինչ նշված չէ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ում այս հիմնադրամի ոդիսականը մայիսի 6-ին հրապարակելուց չորս օր հետո՝ մայիսի 10-ին, Արցախի կառավարության հաշվեհամարին փոխանցվել էր 22 մլն դրամ: Բարձրացված աղմուկից հետո Կոտայքի մարզպետարանի ղեկավարությունը փաստացի ստիպված էր եղել Արցախի անվան տակ հավաքված գումարները փոխանցել իրենց նպատակին: Իհարկե, մինչեւ վերջ իրենց չեն զսպել, մի փոքր, այնուամենայնիվ, «փայ են մտել». Արցախի համար հավաքված գումարներից 1 մլն 354 հազար դրամը, չգիտես ինչու, մնացել է հիմնադրամի հաշվեհամարին: Կոտայքի մարզպետարանը վստահեցնում է, որ այդ գումարը եւս ծախսվելու է Արցախին օգնելու նպատակով:
Այս պատմության մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, նրա երեք տեղակալներ Կարեն Մարգարյանը, Համլետ Հայրապետյանը եւ Մուշեղ Մանասյանն իրենց գրպանից մեկ դրամ անգամ չեն փոխանցել Արցախին: Նրանց անունները ո՛չ իրենց հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցած անձանց մեջ կա եւ ո՛չ էլ Արցախի կառավարության հրապարակած ցանկում: Այսինքն՝ մարդիկ, որոնք պետական պաշտոնն օգտագործելով՝ միլիարդատեր են դարձել, հսկայական կարողություն են կուտակել եւ շարունակում են նույնն անել, անհարմար չեն զգում, որ ոչ մի լումա անգամ չեն կամեցել փոխանցել: Այն դեպքում, երբ մանկավարժները, սովորական քաղաքացիները, նույնիսկ աշակերտներն իրենց վերջին լումայից Արցախին բաժին են հանել, որպեսզի մարզպետն ու իր շուրջը խմբված անձինք գլուխ գովեն, թե տեսաք, որքան օգնություն հատկացրինք Արցախին, տեսնում եք՝ ինչ հայրենասեր տղերք ենք: Իրականում, ինչպես բազմիցս նշել ենք, ընտրակեղծարարը ո՛չ հայրենիքի եւ ո՛չ էլ հայրենասիրության հետ ընդհանուր ոչինչ չի կարող ունենալ: Ընտրակեղծարարը կարող է միայն ցանկացած արժեք փչացնել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս