Ի՞նչ է, վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու. քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները ու համախմբվեն. Սամվել Բաբայան. 7օր.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«7 օր» լրատվավերլուծական կայքէջը զրուցել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։

–Պարո՛ն Բաբայան, Էրեբունիում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

–Լարված իրավիճակը ստեղծվել է ոչ թե ոստիկանության բաժանմունքի գրավումից հետո, այլ շատ ավելի շուտ։ Հիմա մենք հետևանքներն ենք տեսնում։ Երբ որ մարդկանց արհամարհում են ու նվաստացնում, երբ որ ժողովրդին հասցնում են այս վիճակին, ոմանց մոտ նյարդերը տեղի են տալիս ու մարդիկ հուսահատ քայլերի են դիմում։ Դանակը ոսկորին է հասել:

Ես, իհարկե, չեմ ընդունում քաղաքական պայքարում բռնության կիրառումը, բայց եկեք անկեղծ լինենք՝ տարիներ շարունակ ժողովուրդն է բռնության ու ահաբեկման ենթարկվում՝ կլինի դա տնտեսական, սոցիալական կամ հոգեբանական բնույթի։ Չեմ ուզում արդարացնել կամ քննադատել տղաների արարքը։ Դրա ժամանակը չէ։ Կարևորը հետագա լարվածություն թույլ չտալն ու ելքեր գտնելն է։ Եթե խնդիրները չեն լուծվում, ապա դրանք կուտակվում ու պայթում են: Այս անգամ այս ձևով պայթեց: Եթե այսպես շարունակվի, ապա հետագայում ավելի մեծ պայթյուններ կարող են լինել:

–Նրանք, ովքեր Ձեր ասած հուսահատ քայլի են դիմել՝ իշխանության և իշխանություններին սատարող շրջանակների կողմից որակվում են որպես ահաբեկիչներ։ Համամի՞տ եք այդ որակումների հետ։

–Եկեք մի փոքր հետ գնանք, հետո կանցնենք գնահատականներին։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում իշխանությունները մի քանի խումբ են ձերբակալել՝ հայտարարելով, որ նրանք փորձում էին ահաբեկչության միջոցով զինված հեղաշրջում իրականացնել։ Հիմա էլ այս մի խմբին են ահաբեկիչ անվանում, վաղն էլ կարող են ուրիշներ ի հայտ գալ։ Ի՞նչ է, վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորի մոտ զինված հեղաշրջման ցանկություն է առաջանում: Պետք է ուրեմն պատճառները հասկանալ։

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, արտաքին ու ներքին ոլորտներում համատարած խնդիրներ կան, որոնք ոչ մի կերպ չեն լուծվում և չի երևում, թե ինչպես են պատրաստվում լուծել։ Պետք է սրա մասին մտածել, այլ ոչ թե հետևանքների դեմ կռիվ տալ։

Ինչ վերաբերում է այդ տղաներին, ապա նրանց մի մասին անձամբ եմ ճանաչում։ Պատերազմի տարիներին նրանք աչքի են ընկել մարտական բարձր պատրաստվածությամբ։ Նրանք գաղափարական տղերք են։ Նրանց հնարավոր չէ վախեցնել կամ կաշառել…

–Ստեղծված իրավիճակում ո՞րն եք տեսնում լուծումը։

–Հիմա պատային վիճակ է։ Տղաները հանձնվող չեն։ Եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կունենանք նոր զոհեր։ Դա ամեն գնով պետք է կանխել։ Ողջամիտ մարդկանց միակ խնդիրն այս պահին պետք է լինի արյունահեղությունը կանխելը։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է թույլ չտա այդ արյունահեղությունը, իսկ դա հնարավոր է միայն առողջ քաղաքական ուժերի առաջնորդությամբ։

Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն ու թույլ չտան նոր բախումներ։ Այսօր քաղաքական գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Հայը հայի արյուն չպետք է թափի»:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս