Թե Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը արատավոր երեվույթ են մեր երկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Hayeli .am-ի հարցազրույցը Սասուն ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:
Պարոն Միքայելյան, ամիսներ առաջ դուք նույնպես հոդված հրապարակեցիք, որով գերխնդիր համարեցիք Սերժ Սարգսյանի հրաժարականը,սակայն վերջինն այդպես էլ հրաժարական չտվեց, այսօր արդեն Տեր-Պետրոսյանն է իր հայտնի հոդվածով հայտարարում, որ այդ հրաժարականին այլընտրանք չկա: Ի՞նչ են տալիս այդ հոդվածները, ճիշտ չի լինի գործով դրան հասնել:
Ես գրել էի, որ այսօր իշխանափոխությունը գերխնդիր է, որ առանց իշխանափոխության ոչ մի հարց չի լուծվելու, համակարգային խնդիրներ այս իշխանությունները չեն լուծելու: Այս իշխանությունների առավել գերագույն խնդիրն իրենց թիմը, թայֆան պահելն է ու պահում են՝ թքած ունենալով ՀՀ Սահմանադրույան, մեր իրավունքների վրա: Այդ պատճառով ժողովրդի գերխնդիրն է համախմբվել եւ պահանջել իշխանության հրաժարականը:
Առաջին նախագահը եւս մի շարք կետերով հիմնավորել է, որ բոլոր նախադրյալները կան Սերժ Սարգսյանի հրաժարականի, բայց օրինակ Ձեր համար տարօրինակ չէ՞, որ հրաժարականի մասին է խոսում մի ուժի ղեկավար, որը վերջին ամիսներին որեւէ կերպ չի նպաստում այդ հրաժարականին:
-Խնդիրը նրանում է, որ Տեր-Պետրոսյանը այդ հոդվածը գրել է ԼՂՀ պատգամավոր Բադասյանի նման հոդվածից հետո, մինչդեռ որպես առաջին նախագահ մինչ այդ էր պարտավոր իր կարծիքը հայտնել: Բադասյանը շատ ճիշտ հիմնավորումներով պահանջել է երկրի նախագահի հրաժարականը: Ավելին՝ առաջին նախագահը մի քանի տարի առաջ հնարավորություն է ունեցել, որ այս իշխանությունները հրաժարական տան՝ ի դեմս ժողովրդի համախմբվածության: Բայց ինքը չգնաց դրան:
Խոսքը 2008թ Մարտի 1-ի մասի՞ն է:
-Այո, եւ ոչ միայն: 2008թ ժողովուրդը գիտակցաբար դուրս եկավ փողոց՝ պահանջելով այս իշխանության հրաժարականը:Բայց այդ ժամանակվա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին թողեց փողոցում, դրա համար էլ մեր երկրում 15-17 տարի է ժողովուրդը հուսախաբ է լինում: Շատ էինք թերագնահատում վրացիներին, բայց նրանք կարողացան իշխանափոխություն անել, մեզ մոտ էլ ժողովուրդը միշտ պատրաստ է, հատկապես, համապետական ընտրությունների ժամանակ ժողովուրդը իր գնահատականը, իր քվեն տվել է եւ ճիշտ է տվել, բայց ցավոք, մենք չենք կարողացել պահել: Ժողովուրդն իր ձայնը տվել է թե Տեր-Պետրոսյանին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց էդ ղեկավարները, առաջնորդները չկարողացան ժողովրդին տանել իրենց հետեւից եւ անել իշխանափոխություն: Դրա համար մենք ժամ-ժամ անդունդն ենք գլորվում ազգովի: Այսօր իշխանության մեջ գտնվող ցանկացած մարդ պարտավոր է ճիշտ խոսելու, որովհետեւ իմ ազգը կործանվում է իրենց գահը պահպանելու համար: Եթե վաղը թուրքը մտնի, չի ասի սա իշխանավոր էր, սա ընդդիմադիր, սրան մորթենք, սրան չմորթենք, ազգովի պրոբլեմ ունենք: Մենք այլընտրանք չունենք իշխանափոխությունից եւ համախմբվածությունից բացի:
Չկարողացա՞ն, թե չցանկացան ինչ-ինչ պատճառներով համախմբել, որովհետեւ ամենակարեւորը՝ ժողովրդի համախմբումը կար եւ հատկապես Տեր-Պետրոսյանի ժամանակ:
-Այդ հարցն իրենց տվեք, ես կարող եմ ասել նաեւ՝ չարեցին, պրոբլեմ չունեմ, ես բազմիցս ընտրված պատգամավոր եւ քաղաքապետ եմ եղել, երբեք հուսախաբ չեմ արել ժողովրդին: Եթե իրենք չեն կարողացել, իրենք են հաշվետու ժողովրդի եւ պատմության, պետականության ու եռագույնի առաջ, մեր զինանշանի եւ Եռաբլուրի առաջ: Իրենք են հաշվետու, իրենց թուլությունով երկիրը կամաց-կամաց սենց եղավ, որոշ անհատ տականքների, որոնք գնացին-մտան այս իշխանությունների տակ, իրենց լավ տղու տեղ դրին:
Ոչ միայն Սերժ Սարգսյանն է մեղավոր, այլ այդ մարդիկ, որոնք հիասթափեցրին ժողովրդին, որ բերին Սերժ Սարգսյանին, սարքեցին գերհզոր եսիմ ինչ,ժողովուրդն էլ վախենում է, նստել է տներում եւ սպասում է մինչեւ թուրքը գա գլուխները կտրի: Ժամ-ժամ սպասում ենք, երբ մեզ կմորթեն:
Իսկ դուք ինչո՞ւ չեք լծվում ժողովրդի համախմբման գործին, ասում էիք նոր ուժ եք ձեւավորել:
Ակտիվ եմ, համախմբում եմ, մենք մեր գործն անում ենք, դրա մասին հետո կիմանաք:Ես ե՞րբ իմ կարծիքը հստակ չեմ ասել:
-Պարոն Միքայելյան, հայտնի հոդվածից քաղաքագետները տեսակետ հայտնեցին, որ ընտրություններով իշխանափոխություն չիրականացնելու արատավոր երեւույթը Տեր…
-Եկեք թողենք Տեր-Պետրոսյանին, Քոչարյանն էլ եկել գերխնդիր է սարքել այդ արատավոր երեւույթը, Սերժ Սարգսյանն էլ եկել ավելի վատն է սարքել, հասկանո՞ւմ եք, եկեք չմեղադրենք: Էդ երեքն էլ արատավոր երեւույթ են այս երկրում արդեն, որովհետեւ իրենք թքած ունեն էս ժողովրդի կյանքի վրա: Ի վերջո, ոնց կարելի է, մարդուն խաբել, բերել հասցնել այն վիճակին, որ թողնի պապու գերեզմանը ու կամավոր արտագաղթի:
Անի Սահակյան




Լրահոս