Քրեական հետապնդում Է հարուցվել ոստիկանության ևս երկու ծառայողների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում ոստիկանության ևս երկու ծառայողների՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակցի՝ Ն. Պ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Վերջիններս կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակից Ն. Պ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում նախորդ օրը ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ ևս քրեական հետապնդում էր հարուցվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում էր կայացրել՝ վերջիններիս պաշտոնավարությունը նույնպես ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս