ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՍԵՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, նկատենք, որ մինչ օրս արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթացում առկա թերությունները չեն շտկվել. ոչ միայն նախօրեին, այլեւ երեկ «Հայփոստ»-ի Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել:
Հիշեցնենք, որ օգոստոսի թոշակներն ուշացնելու համար Տիգրան Սարգսյանը ներողություն խնդրեց 1400-ից ավելի թոշակառուներից, որոնք ստիպված էին եղել օգոստոսի 4-5-ին «Հայփոստ»-ի բաժանմունքներում սպասել հերթերում, քանի որ ցուցակները ժամանակին տեղ չէին հասել:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած 74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած նկատեց, որ գրեթե ամեն ամիս թոշակառուները նմանատիպ խնդիրների առաջ են կանգնում: «Կա՛մ ցուցակներն են բացակայում, կա՛մ էլ հերթեր են գոյանում: Երեկ կոնկրետ 10-րդ փոստի բաժանմունքում հերթ էր. նույնիսկ ծերերը մի քանի անգամ տուն են գնացել ու նորից հետ եկել: Մի՞թե հնարավոր չէ սա կարգավորել: Ծեր կանայք ու հաշմանդամներ կային այնտեղ, որոնք ժամերով սպասել են: Մի կնոջ շաքարն էր բարձրացել, մյուսի՝ ճնշումը: Բալի՛կ ջան, հասկացե՛ք, մեղք է էս ժողովուրդը, մեղք: Մի կին կար, անընդհատ կրկնում էր, որ պետք է շուտ փող ստանա դարչին գնելու համար, որովհետեւ դարչինը պետք է սուրճի հետ խմի, որպեսզի շաքարն իջեցնի»,-զայրացած պատմեց տիկին Էմման:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, թե ծառայության պաշտոնական կայքէջով եւ լրատվական տարբեր կայքերով նախապես հայտարարվել է, որ նոյեմբեր ամսվա թոշակը բաժանվելու է նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո: Սակայն թոշակառուները տեղյակ չեն եղել, քանի որ չեն կարողացել օգտվել կայքերից, իսկ հեռուստատեսությամբ էլ այդ մասին չի տեղեկացվել: «Հիմա քաղաքացուն չի հետաքրքրում, թե ով է այդ ծառայությունը մատուցում կամ ինչպես է այն մատուցվում: Եվ որպեսզի հերթ չկանգնեն ու երկար չսպասեն, քաղաքացիները կարող են դիմում գրել եւ բանկային համակարգի միջոցով ստանալ իրենց թոշակը»,-առաջարկեց մամլո խոսնակը:
Չնայած թոշակառուների բարձրացրած դժգոհություններին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը հերթերի գոյացումը համարեց նորմալ: «Թոշակ ստանալու առաջին եւ երկրորդ օրերին միշտ էլ հերթեր են գոյանում, քանի որ միանգամից բոլորն էլ գնում են իրենց թոշակները ստանալու: Մենք շահագրգիռ ենք, որ գոյացած հերթերն արագ վերանան: Դա նորմալ է, քանի որ փոստի աշխատակիցները ցուցակ են նայում, ստուգում, հետո վճարում թոշակը»,-լրացրեց Գ. Աբրահամյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս