ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած ՀՀ քաղաքացին, եթե նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

Անետ Պետրոսյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը եւ իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ եւ քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով դադարեցվում է քրեական հետապնդումը, եւ քաղաքացին զորակոչվում է բանակ՝ առանց հետագայում որեւէ բացասական իրավական հետեւանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած քաղաքացին մինչեւ 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր) կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ՝ ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի ՀՀ զինված ուժերի պահեստազորում եւ կստանա զինվորական գրքույկ:

ՀՀ սփյուռքի նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Կարծում ենք, որ արդեն ժամանակն է, որպեսզի հայ երիտասարդները հասկանան, որ հայրենիքի առջեւ պարտքը կատարելը յուրաքանչյուր հայորդու համար պատիվ է: Մյուս կողմից էլ, բարձրաստիճան զինվորական սպայակազմը պետք է ամեն գնով հասնի այնպիսի իրավիճակի, որ հայոց բանակում հանցագործություններն անպատիժ չմնան, եւ հայ երիտասարդներն այլեւս պատճառ չունենան ծառայությունից խուսափելու նպատակով փախչել երկրից եւ ընկնել նման տհաճ իրավիճակների մեջ:




Լրահոս