Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակներում: Այս մասին TRT հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ եռակողմ ֆորմատը շահավետ կլինի բոլոր կողմերի համար:
«Մենք քննարկել ենք այդ ֆորմատը Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Ինչպես նաև այդ նախաձեռնությունը հնչեցվել է Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ռուսաստանը ևս դրական է գնահատում այդ մեխանիզմը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Թուրքիան իր ներդրումն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: