Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց “Գովազդի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե և “Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծի համաձայն` այսուհետ կարգելվի ծխախոտի գովազդը:
“Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդը, բացառությամբ սույն օրենքով և “Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, արգելվում է, այդ թվում`
ա) հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով,
բ) զանգվածային լրատվության տպագիր միջոցներում և այլ տպագիր նյութերում,
գ) վահանակների, պաստառների, լուսատախտակների, ազդագրերի, պլակատների և արտաքին գովազդի համար նախատեսված տեխնիկական այլ միջոցներով,
դ) “Առևտրի և ծառայությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման բոլոր վայրերում` այդ թվում շրջիկ առևտրի կետերում, շրջիկ առևտուր իրականացնելիս, հանրային սննդի օբյեկտներում,
ե) ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդ պարունակող արտադրանքի կամ տպագրված նյութերի տարածման ձևով, բացառությամբ “Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:
Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդի սահմանափակումները չեն տարածվում`
ա) ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների վրա, որոնք նախատեսված են բացառապես ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված առևտրի սրահներում տեղադրելու համար,
բ) ծխախոտի կամ ծխախոտային արտադրանքի առանձնացված ձևով մասնագիտացված խանութներում` ծխախոտի առևտրի/վաճառքի մասնագետների կողմից բացառապես չափահաս տարիքի սպառողին բանավոր և վիզուալ տրամադրվող տեղեկատվության վրա:
Սույն մասով նախատեսված ծխախոտի գովազդում պետք է առկա լինի ծխախոտի վնասակարության մասին տեղեկատվություն”,-նշված է կառավարության հիմնավորման մեջ: