«ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՆ ԻՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրետա Վարդանյանը (Խնձրցյան) 1988թ. դեկտեմբերի 7-ին ընդամենը երկու տարեկան էր, շատ քիչ բան է հիշում, այն էլ ծածկված է մշուշի, մթության, ցրտի ու անդառնալի կորստի փլատակներով:
Այդ ահասարսուռ օրը հայրը վերադառնալիս է եղել աշխատանքից, տանը եղել են ինքը, մայրն ու քույրը: Երկու օր առաջ էին տեղափոխվել նոր բնակարան ու դեռ պայմաններին չէին հարմարվել: Եվ չհասցրին էլ. նոր բնակարանը դարձավ հարազատների գերեզմանը… Միայն փոքրիկ Գրետան ողջ մնաց, երբ դեկտեմբերի 9-ին, լսելով փոքրիկի լացի ձայնը, նրան հանեցին փլատակների տակից: Ապրեց տատիկի քրոջ տանը, բուժման նպատակով տեղափոխեցին Երեւան, ապա ԱՄՆ… Երբ վերադարձավ, Գյումրու Ավստրիական թաղամասում երկուսենյականոց բնակարան հատկացրին իրեն, տատիկին, պապիկին, հորաքրոջն ու հորեղբորը… «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնը նրան երկրորդ կյանք տվեց. կարողացավ շրջապատ դուրս գալ, իրեն լիարժեք մարդ զգալ: Կենտրոնում գրեթե բոլորը սահմանափակ հնարավորություններով են, ուշադիր են միմյանց նկատմամբ, մի ընտանիքի պես են: Ավարտեց դպրոցը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը։ Բացի կամքի ուժը՝ Գրետան նաեւ ֆիզիկապես էր ուժեղ, ինչն էլ ցանկանում էր ապացուցել թե՛ իրեն, թե՛ մարդկանց։ Ու պարապեց հաշմանդամային սայլակավազք,  լեռնադահուկային սպորտ, մասնակցեց Լոս Անջելեսի անվասայլակով մարաթոնին, Թուրինի ձմեռային պարալիմպիկ խաղերին:
Ի վերջո, գյումրեցու գենն իր գործն արեց, եւ 2005-ից սկսեց ծանրամարտի մարզումները: «Գյումրին շատ եմ սիրում եւ ցանկացա իմ սիրելի քաղաքի, ինչու չէ, նաեւ իմ անունը բարձր պահել»,-ասում է Գրետան։ Բազմիցս աչքի ընկավ Հայաստանում, ապա Հունաստանում կայացած հաշմանդամային ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությունում արժանացավ արծաթե մեդալի, հանդես եկավ 2008-ի Պեկինի, 2012-ի Լոնդոնի ամառային պարալիմպիկ խաղերում:
Մարզումների, տրանսպորտի հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, որոնք Լոնդոնի պարալիմպիկ խաղերից հետո շատացել են: Հատկապես ձմռանը երթուղային տաքսիով չի կարող երթեւեկել, տաքսիով, մեքենայով է գնում դահլիճ, իսկ դրա համար միջոցներ են անհրաժեշտ: 2014-ի ապրիլին աշխարհի առաջնությանը մասնակցելու մեծ ցանկություն ունի, բայց 3-4 ամիս պարապմունքների չի կարողանում գնալ… Տեղին է հիշեցնել ՄԱԿ-ի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին։ Կոնվենցիայի 20-րդ հոդվածում մասնավորապես ասվում է. «Կոնվենցիան ստորագրող պետությունները ձեռնարկում են արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ինքնուրույն շարժունակությունը, այդ թվում նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց անհատական շարժունակությանը նրանց նախընտրած միջոցներով ու պահին եւ մատչելի գներով»։ Գրետան լավատեսությունը չի կորցնում եւ մտադիր է այնքան ժամանակ զբաղվել սպորտով, քանի դեռ պետությունը տեր կկանգնի, քանի դեռ ուժերը չեն սպառվել:
2005-ին ամուսնացել է, դուստրը՝ Օֆելյան, չորս տարեկան է, երկրորդ երեխայի մասին դեռեւս չեն մտածում. ամուսինը հիմնականում Ռուսաստանում է լինում։ Գրետան կնոջ մոտ գնահատում է առաքինությունը, տղամարդու մոտ՝ ազնվությունը, ընտանիքին նվիրված լինելը, աշխատանքի ջիղն ու թասիբը. «Եթե տղամարդը չաշխատեց, ուրեմն չես կարող նրան լիարժեք մարդ համարել: Նա փոքր տարիքից պետք է աշխատի, որ իմանա փողի գինը, իր քրտինքի արժեքը»:
Գրետան չի ցանկանում գնալ Ռուսաստան. այնտեղ ապրելու ցանկություն չունի, սպասում է, որ ամուսինը Հայաստանում աշխատանք կգտնի ու կվերադառնա։ Հայրական տանն է` տատիկի, պապիկի մոտ: Երբ հարցրինք, թե կյանքը ձանձրալի չէ Գյումրիում, զարմացած պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է ձանձրալի լինի. ամեն տեղ էլ կյանք կա, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է իր առօրյան լցնի հետաքրքիր բաներով»։ Զբաղվում է երեխայի դաստիարակությամբ, իսկ երեխան ինքնին արդեն ուրախություն է, բազմազանություն ու առեղծված. «Ես նրան հայոց այբուբենը գրել, բանաստեղծություններ արտասանել եմ սովորեցնում. չէ՞ որ ես նաեւ մանկավարժ եմ։ Ինչ մանկական միջոցառում լինում է, տանում եմ, իսկ երբ ամուսինս գալիս է, կինո ենք գնում»: Մի խոսքով, ապրում է երիտասարդ մոր լիարժեք կյանքով, ապրում է նաեւ փլատակների տակ մնացած հոր, մոր, քրոջ փոխարեն: Իսկ նրանց, ովքեր այս կամ այն պատճառով հաշմանդամ են դարձել, հիասթափվել կյանքից, խորհուրդ է տալիս գտնել կամքի ուժ, որպեսզի կարողանան իրենք իրենց գնահատել, հարգել ու աշխարհին ցույց տալ, որ ոչ մի խոչընդոտ չի կարող իրենց կոտրել, որ իրենք շատ բանի են ընդունակ. «Ոչ մեկը թող ծանր ապրումներ չունենա, չհիասթափվի. մարդու կյանքը իր ձեռքերում է, եւ այն կարող է փոխել միայն նա, ում տրված է կյանքը»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ




Լրահոս