Օգոստոսի 26-ին Հայաստանի իրավապահ մարմինները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին: Նա Երևան էր եկել Մոսկվայից` կնոջ հետ: Նրա ձերբակալման հարցն Ինտերպոլի միջոցով եկել էր ԱՄՆ-ից:
Ինչում են մեղադրում Միրոնովին
Ինչպես հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը, ձերբակալման ժամանակ հայտարարել են, որ Միրոնովն ԱՄՆ-ի իշխանությունների կողմից որոնվում է համացանցի միջոցով զենքերի վաճառքի և փողերի լվացման մեջ (50 հազար դոլար):
Ընդունո՞ւմ է իր մեղքը Միրոնովը
Ո´չ, չի ընդունում: Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն աշխատում է «Գենեզիս» ընկերությունում` որպես ծրագրավորող և չի տիրապետում որևէ գաղտնի տեխնոլոգիաների:
Որտե՞ղ է այժմ Միրոնով
Ներկայումս Միրոնովը գտնվում է բանտում: Նրան` ԱՄՆ հանձնելու որոշումը կկայացվի այսօր:
Ինչպե՞ս արձագանքեցին նրա ձերբակալմանը ՌԴ-ում և ԱՄՆ-ում
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալումը և բոլոր հարցերի պատասխանները վստահել է Հայաստանի իշխանություններին:
ՌԴ Պետդումայի պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանը պետք է արձագանքի իրենց քաղաքացու ձերբակալմանը: Դմիտրիյ Գորովցովը հայտարարել է, որ ԱՄՆ պատվերով ՌԴ քաղաքացու ձերբակալումը ցույց է տալիս ՌԴ հանդեպ անբարյացկամ վերաբերմունքի մասին, և ռուսական կողմը պետք է բոլոր միջոցներն օգտագործի հարցի լուծման համար:
Ինչ է պատմում նրա կինը
«Սերգեյին ձերբակալեցին անձնագրային կետում, նրան հանձնեցին Հայաստանի իրավապահ մարմիններին: Կցանկանայի որպեսզի Ռուսաստանը պահանջեր իր քաղաքացուն», – նշել է նա և պատմել հայկական կողմի լավ վերաբերմունքի մասին:
«Ինձ շատ է ուրախացնում հայկական կողմի լավ վերաբերմունքը: Բոլորը բարենպաստ են տրամադրված նրա հանդեպ»,- ասել է Յուլյան` Միրոնովի կինը:
Նաիրա Հովհաննիսյան