Հարց քաղաքացիներից` եթե մեքենան վարող անձանց քանակը մեկից ավել է, ապա այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել ԱՊՊԱ պայմանագրի հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե իմ մեքենան վարող անձանց քանակը մեկից ավել է, ապա այդ դեպքում ես ինչպե՞ս պետք է վարվեմ ԱՊՊԱ պայմանագրի հարցում:

Մանուկ Մարգարյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե Ձեր ավտոտրանսպորտային միջոցը վարող անձանց քանակը մեկից ավել է, ապա ապահովագրական ընկերության (գործակալի) հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ԱՊՊԱ պայմանագրում՝ «լիազորված տիրապետողներ» դաշտում, պետք է նշեք նրանցից յուրաքանչյուրին: Ընդ որում, «լիազորված տիրապետողներ» դաշտում կարող եք նշել առավելագույնը 5 անձանց: Եթե ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը վարման եք հանձնում անձի, ում մասին չեք նշել ԱՊՊԱ պայմանագրում, ապա նախքան նրան վարման հանձնելը անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեզ հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը եւ համապատասխան փոփոխություն կատարեք ԱՊՊԱ պայմանագրում:

Հակառակ դեպքում Ձեզ համար կարող են առաջանալ բացասական հետեւանքներ: Մասնավորապես՝ ԱՊՊԱ պայմանագրում չնշված վարորդի կողմից ավտոմեքենան վարելու ընթացքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետեւանքով տուժողին պատճառված վնասները փոխհատուցած ապահովագրական ընկերությունը կարող է իր կողմից տուժողին հատուցված գումարը հետ պահանջել Ձեզանից:

Այն դեպքում, երբ Դուք հստակ չեք կարող որոշել այն անձանց շրջանակը, ում վարման պետք է հանձնեք ապահովագրվող ավտոմեքենան, միեւնույն ժամանակ չեք ցանկանում յուրաքանչյուր նոր վարորդին ավտոմեքենան վարման հանձնելուց առաջ փոփոխություններ կատարել ԱՊՊԱ պայմանագրում կամ 5-ից ավել մարդու եք ուզում տալ մեքենան, ապա Դուք «լիազորված տիրապետողներ» դաշտում կարող եք նշել «առանց սահմանափակումների» նշումը, ինչը նշանակում է, որ Դուք կարող եք ավտոմեքենան վարման հանձնել ցանկացած անձի, ով ունի համապատասխան վարորդական իրավունք:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015թ. ապահովագրված մեքենաների թիվը նվազել է 1,33 տոկոսով կամ 6183-ով: Ի դեպ, ԱՊՊԱ-ի գծով վնասաբերությունը 2015թ. կազմել է 53 տոկոս՝ 2011թ. գրանցված 55,1 տոկոսի համեմատ:




Լրահոս