Այս պայմանագրի կնքումը ՀՀ-ի համար կարող է դրական հեռանկարներ ստեղծել. տնտեսագետը` Հայաստանից Վրաստան գազի արտահանման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին 2016-ի հունվարին հայտարարել է, թե նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը սա համարեց դրական քայլ, նշելով, ՀՀ-ի համար կարող է նոր հեռանկարների հնարավորություն դառնալ. «Մեզ համար սա շատ կարևոր ծրագիր է, մեր տնտեսության համար կարող է լինել չափազանց լավ գործարք: Այսպիսով ոչ միայն տեղափոխման խնդիր է լուծվում, այլ հարակից ուրիշ խնդիրներ ևս աշխատատեղերի կտրվածքով: Ընդհանուր առմամբ այս գործարքը վիճահարույց տարրեր էր պարունակում տարածաշրջանում ՀՀ-ի ունեցած դիրքի հետ կապված, բայց դրա իրականացումը  պետք է շատ շահավետ գործարք համարեմ»:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ ապագայում ՀՀ-ն ևս կարողանա օգտվել իրանական գազից և արդեն մրցակցության շնորհիվ գազի գնի անկում գրանցվի, տնտեսագետը նշեց, որ դա ևս չի բացառվում.  «Դրա հավանականությունը բավականին մեծ է, նմանատիպ գազամուղի կառուցմամբ մենք կարող ենք մեր հաշվեկշռի մեջ տրանսֆորմացիաներ մտցնել: ՀՀ-ն կարող է ավելի մատչելի գնով գազ ձեռք բերել, որն էլ կնպաստի նոր արտադրություններ զարգացնել: Մի խոսքով սա ստրատեգիական բնույթի ռեսուրս է և այս պայմանագրի կնքումը  ՀՀ-ի համար կարող է դրական հեռանկարներ ստեղծել»:




Լրահոս