Սահմանվել են Վերնիսաժում առևտրային գործընթացի կազմակերպման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին սահմանել է մայրաքաղաքի Փ.Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում (Վերնիսաժ) առևտրային գործընթացի կազմակերպման պայմանները, ինչպես նաև սահմանափակումները:

Որոշմամբ հստակ սահմանվել են նշված տարածքում առևտրային գործունեություն կազմակերպելու և իրականացնելու համար առևտրի իրականացման վայրի կազմակերպչին առաջադրվող պահանջներն ու վերջինիս պարտականությունները:

Որոշմամբ սահմանվել են նաև ոչ միայն ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում վաճառքի թույլատրվող ապրանքների խմբերն ու տեսակները, այլև այն տեսականին, որի վաճառքն արգելվում է տվյալ տարածքում: Համաձայն ավագանու որոշման` վերոնշյալ տարածքում այսուհետ կվաճառվեն միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք և այլ ապրանքներ հետևյալ տեսականիով՝ փայտից քանդակներ, օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն և առարկաներ, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո և վիդեո արտադրանք:

Նույն որոշումով նաև սահմանվում է, որ ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում արգելվում է վաճառել գյուղատնտեսական և պարենային մթերքներ, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, ծխախոտային արտադրանք, համակարգչային, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում՝ հնամաշ, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնամենի մշակույթ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ։




Լրահոս