Ինչու է ԱԳՆ-ն կառավարությունից գումար պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել է կառավարությանը եւ խնդրել այս տարվա երկրորդ կիսամյակի եւ 2017 թվականի ՀՀ մուտքի արտոնագրերի պիտակների տպագրության համար գումար տրամադրել:

Բանն այն է, որ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ԱԳՆ-ն, հաշվի առնելով նախորդ տարիների վիճակագրությունը, համաձայն որի՝ տարեկան տրամադրվում էր 180-190 հազար հատ ՀՀ մուտքի արտոնագիր, կանխատեսումներ է արել եւ որոշել, որ նախարարության պահեստում առկա պաշարը կբավարարի նաեւ այս տարվա պահանջարկը: Իսկ նախարարության պահեստում նախորդ տարվա հուլիսի 14-ի դրությամբ առկա պաշարը կազմել է 258 հազար 450 հատ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հենց այս պատճառով նախարարության այս տարվա գնումների պլանում ՀՀ մուտքի արտոնագրերի տպագրություն չի նախատեսվել: Այս թեմայի շուրջ ԱԳՆ-ն ՀՀ կառավարության այսօրվա նիստին նախագիծ է ներկայացնելու, որով պահանջելու է իրեն հատկացնել 31 մլն 800 դրամ՝ մուտքի արտոնագիր տպագրելու համար: Նշված գումարով նախատեսվում է տպագրել մոտ 120 հազար վիզա, որն ըստ ԱԳՆ-ի կանխատեսման՝ կբավարարի շուրջ 16 ամիս:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա օգոստոսի 22-ի դրությամբ ԱԳՆ-ի պահեստում կա ՀՀ մուտքի 6 հազար 500 հատ արտոնագիր, որը կարող է բավարարել 1-2 ամիս:

Նախորդ տարվա ամռանը Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների վերացումը հանգեցրեց Իրանից դեպի Հայաստան տուրիստների շեշտակի աճի: Եւ անցած տարվա ընթացքում տրամադրված բոլոր ՀՀ մուտքի արտոնագրերի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկել հենց Իրանի քաղաքացիներին: Տեղեկացնենք, որ անցած տարվա ընթացքում տրամադրվել է շուրջ 194 հազար մուտքի վիզա, որից 134 հազարը Իրանի եւ 60 հազարը՝ այլ երկրների քաղաքացիներին: Իսկ այս տարվա 7 ամիսների ընթացքում, չհաշված Իրանի քաղաքացիներին, տրամադրվել է 37 հազար վիզա: Հաշվի առնելով սա՝ ԱԳՆ-ն համոզված է, որ այս տարվա վերջին 4 ամիսների պահանջարկը կկազմի մինչեւ 25 հազար վիզա, իսկ 2017 թվականի պահանջարկը՝ շուրջ 70 հազար վիզա:

Ս. Հ.




Լրահոս