«ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՈՒՆԵՄ ԲԵՄՈՒՄ, ՉՈՒՆԵՄ ԿՅԱՆՔՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք նրանց անհատականությունը, կանդրադառնանք վերջիններիս կյանքի` քչերին հայտնի դրվագներին: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը երգիչ Էրիկն է (Էրիկ Կարապետյան):

-Էրի՛կ, ինքնուրո՞ւյն եք արթնանում, թե՞ զարթուցիչի օգնությամբ:
-Հաճախ ինքս եմ արթնանում, զարթուցիչից էլ շուտ (ծիծաղում է):
-Այս երեք գործոններից, ըստ Ձեզ, ո՞րն է ավելի շատ ազդում մարդու աշխարհայացքի ձեւավորման վրա` գեները, միջավայրը թե՞ դաստիարակությունը:
-Միջավայրը:
-Մեր շոու-բիզնեսում ովքե՞ր են Ձեր մտերիմները:
-Մեծ հաճույք եմ ստանում իմ մոտ ընկեր Հայկոյի հետ աշխատելիս. մենք հաճախ նույն կերպ ենք մտածում: Արսեն Սաֆարյանն է իր խորհուրդներով միշտ իմ կողքին, Անդրեն, ում հետ ես զուգերգ ունեմ: Ճիշտ է, նա այժմ Միացյալ Նահանգներում է, բայց մեր կապը պահում ենք:
-Ձեր պոետը:
-Շատ եմ սիրում Լերմոնտովին, Եսենինին, վրաց բանաստեղծներից ոմանց, իսկ հայերից` Սեւակին:
-Մի բան, որ մարդ երբեք չպետք է ցույց տա:
-Իր թույլ կողմերը, այլապես մարդիկ հաճախ օգտվում են դրանից:
-Եթե սաստիկ զայրացնեն, ունակ եք նույնիսկ…
-Դա կախված է այն բանից, թե ով է զայրացնողը: Եթե նա տղամարդ է, շատ տարբեր բաներ կարող են լինել, իսկ եթե կին, կարող եմ ինչ-որ բան բացատրել, կամ պարզապես կարեւորություն չտալ տեղի ունեցածին: Ամեն դեպքում, իմ կյանքում չի եղել մի դեպք, որ ես զայրանամ ու ծայրահեղ քայլերի դիմեմ:
-Մի բան, որի հետ առ այսօր չեք համակերպվել:
-Շատ բաներ կան, բայց ես իմ կյանքում կարեւորում եմ նույնիսկ այդ ամենի դերը: Օրինակ` շատ կցանկանայի, որ այն մենահամերգով, որ ես հանդես եկա 2015-ին, Երեւանում, կարողանայի ներկայանալ նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ մայրաքաղաքից դուրս մարդիկ դժվարությամբ են կարողանում գումար տրամադրել համերգի տոմսերի համար:
-Ձեր թուլությունը:
-Լավ երաժշտությունը, բեմը: Կյանքում այլ կերպ եմ ապրում, իսկ բեմում դառնում եմ լրիվ ուրիշ մարդ: Այդ համարձակությունը, որ ունեմ բեմում, չունեմ կյանքում: Մի ուրիշ թուլություն էլ ունեմ` երեխաները:
-Ավելի շատ պաշտպանվող, թե՞ հարձակվող տեսակ եք:
-Ո՛չ մեկն եմ սիրում, ո՛չ մյուսը. նախընտրում եմ չեզոք վիճակ, խաղաղություն:
-Ինչպիսի՞ կինը կարող է գրավել Ձեր ուշադրությունը:
-Միայն խելացի: Գեղեցկությունը, որով գերվում է տղամարդկանց զգալի մասը, խաբուսիկ է: Բայց որպեսզի հարաբերությունները շարունակական լինեն, անհրաժեշտ է, որ կինը ուշիմ լինի:
-Ամենածիծաղելի կամ անսպասելի իրավիճակը, որի մեջ երբեւէ հայտնվել եք:
-Եղել է, որ բեմում խոսափողը ձեռքիցս ընկել է, բայց, բարեբախտաբար, շատերը գլխի չեն ընկել: Պատահել է, որ անձրեւի տակ լարով միկրոֆոնով երգելիս հոսանքահարվել եմ… Շատ զվարճալի կամ անսպասելի դեպքեր են եղել նաեւ այլ մարդկանց հետ կապված: Օրինակ` մի անգամ Գեղարդում մի կին, որն իր ամուսնու հետ էր, մոտեցավ ինձ եւ փոխանակ ասեր. «Կարելի՞ է Ձեզ հետ նկարվել», շփոթվեց, ասաց. «Կարելի՞ է Ձեզ հետ ամուսնանալ»: Ես էլ կատակով ասացի. «Միայն եթե Ձեր ամուսինը դեմ չէ…» (ծիծաղում է):
-Ձեր լսած ամենատպավորիչ խոսքը, խորհուրդը:
-Շատ եմ լսել: Բայց դեռ տարիներ առաջ ինձ հաճախ են ասել. «Բալիկ ջան, ինչ էլ լինի, քիթդ չբարձրացնես»: Դա իմ մեջ առանձնակի տպավորվել է: Ու թեեւ մի շարք հաջողություններ եմ գրանցել իմ կարիերայում, քիթս չեմ բարձրացրել. նման բան դեռ չեմ զգացել:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում աշխարհի վերջը:
-Բոլորը կարծում են, որ այդ ժամանակ երկնքից կրակ է թափվելու, իսկ ես այն համոզման եմ, որ այդ ժամանակ վերանալու է սերը: Միակ բանը, որ պահում է երկրագունդը, հենց սերն է: Սիրո ավարտն է աշխարհի վերջը:
-Մեկ օր էլ չեք ձգի` առանց…
-Առանց իմ ընտանիքի. այն ինձ պարգեւում է երաժշտություն, որը միայն ես ունեմ:

 

 

 
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՈՉ ԹԵ ԲԵՄԻ ՎՐԱ, ԱՅԼ ՓՈՐՁԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Շուտով Երեւանի պետական տիկնիկային թատրոնի բեմում տեղի կունենա նոր ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Մատնաչափիկը», որը ներկայացնում է ստվերների թատրոնը: Տիկնիկային թատրոնում առաջին անգամ է կիրառվում այս ֆորմատը:

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը, ով եւս ընդգրկված է ներկայացման մեջ, «Ժողովուրդ»-ին պատմեց` «Մատնաչափիկը», որը բեմադրվել է համանուն հեքիաթի հիման վրա (բեմադրիչ` Սամսոն Մովսիսյան), նորություն է, այն տարիքային սահմանափակում չի ենթադրում, իսկ ներկայացվող ֆորմատը բազում բարդություններ եւ միեւնույն ժամանակ հետաքրքրություններ ունի. «Այս ներկայացումը թույլ տվեց բացահայտել ինձ նոր կողմերից: Իհարկե, բարդ է հանդես գալ այնպիսի ֆորմատի շրջանակում, որը դերասանին թույլ չի տալիս ցուցադրել միմիկաներ, փոխարենը վերջինս ստվերային տիկնիկի պլաստիկայի միջոցով պետք է փորձի էմոցիա արտահայտել: Կարծում եմ` յուրահատուկ բեմադրություն է ստացվել»:
Տաթեւը տեղեկացրեց նաեւ, որ Տիկնիկային թատրոնում հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի մեկ այլ ներկայացում արդեն մեծերի համար: Այն կոչվում է «Խոսի՛ր ինձ հետ», ռեժիսորը կրկին Սամսոն Մովսիսյանն է. «Ներկայացման մեջ խաղում ենք երկու հոգով` ես եւ դերասան Դավիթ Սարգսյանը: Սրա ֆորմատը եւս բավական հետաքրքիր է. ներկայացումը կցուցադրվի ոչ թե բեմի վրա, այլ փորձասենյակում»,-մանրամասնեց դերասանուհին:
Իսկ հարցին, թե արդյոք Տաթեւին առաջիկայում կտեսնենք հեռուստանախագծերի շրջանակներում, վերջինս պատասխանեց. «Այո՛, կա նման նախագիծ` 18-20 սերիայից բաղկացած ֆիլմ, որի շրջանակում մասնակցություն կունենամ նաեւ ես: Այլ մանրամասներ հայտնել դեռեւս չեմ կարող»:
Մենք հետաքրքրվեցինք` արդոք Տաթեւը ստանում է սերիալներում նկարահանվելու առաջարկներ. «Այո՛, հրավերներ լինում են, բայց ես ինձ հայկական սերիալներում չեմ տեսնում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրանց սցենարն ու նկարահանումները գրվում եւ իրականացվում են տեղում` հանպատրաստից, իսկ ես պատրաստ չեմ դրան: Կհամաձայնեմ նկարահանվել այն սերիալում, որի շրջանակում կտարվեն ծավալուն նախապատրաստական աշխատանքներ: Ամեն դեպքում, նրանց, ովքեր նկարահանվում են սերիալներում, բան չունեմ ասելու, վերջիններիս թվում շատ կան ինձ հարազատ մարդիկ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը չի դիմացել եւ մեկնաբանել է իր նախկին ամուսնու` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության վերաբերյալ լուրը: The Daily Mail-ի փոխանցմամբ` դերասանուհին ասել է, թե նրանց ամուսնալուծությունը պատիժն է այն բանի, ինչ տեղի ունեցավ իր հետ 11 տարի առաջ (նկատի ունի Ջոլիի պատճառով իր եւ Փիթի բաժանումը):
Հիշեցնենք, որ ամուսնալուծության նախաձեռնող Անջելինա Ջոլին սեպտեմբերի 19-ին ամուսնալուծության համար փաստաթղթերը ներկայացրել է դատարան: Նա զերծ է մնում մեկնաբանություններից, իսկ դերասանուհու փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում հրապարակայնորեն քննարկել ստեղծված իրավիճակը:
Իսկ Փիթը, պաշտոնապես մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է. «Ես շատ տխուր եմ տեղի ունեցածի կապակցությամբ, բայց հիմա ամենակարեւորը մեր երեխաների բարեկեցությունն է: Ի սրտե խնդրում եմ լրագրողներին հանգիստ թողնել մեր երեխաներին այս դժվարին ժամանակներում»:

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Արեւմտյան ԶԼՄ-ները գրում են, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն նոր ընկերուհի ունի. նա հանդիպում է «Միսս Տիեզերք-2014»-ին Իսպանիան ներկայացրած Դեզիրե Կորդերոյի հետ: Իսպանական Corazon ամսագիրը փոխանցում է, որ Կորդերոյին նկատել են ֆուտբոլիստի` Մադրիդի ծայրամասում գտնվող մասնավոր տանը: Բացի այդ` գեղեցկուհին ինքը ինստագրամյան էջում ակնարկել է ֆուտբոլիստի հետ սիրային կապ ունենալու մասին:
Հիշեցնենք, որ Դեզիրե Կորդերոն ավելի վաղ սիրավեպ ուներ ֆուտբոլիստ Էնցո Ռենելի հետ:

 

 

ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ Է
71 տարեկանում կյանքից հեռացել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր եւ սցենարիստ Քյորտիս Հենսոնը: TMZ-ի փոխանցմամբ՝ նրա մահն արձանագրել են կանչով ժամանած բժիշկները: Մահվան պատճառը սրտի նոպան է:
Հիշեցնենք, որ Հենսոնն «Օսկար» է ստացել 1998 թվականին «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմի սցենարի համար: Ռեժիսորը հանրությանը հայտնի է ռեփեր Էմինեմի մասնակցությամբ իր «8¬րդ մղոնը» դրամայով (2002թ.):




Լրահոս