Հոկտեմբերի 28-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայաստանի ՏՏ ոլորտին նվիրված «IT’s Armenia» երկրորդ համաժողովը:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Այնուհետև, ներկաներին ողջույնի խոսք հղեց նաև Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության գործադիր փոխնախագահ Կացումի Հիրանոն: Ելույթներով հանդես եկան նաևհամաժողովին մասնակցելու համար Տոկիո ժամանած «Instigate», «VOLO», «VMWare», «Granatus Ventures», «Arminova», «IUNetworks», «Leviathan» ընկերությունների և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները: Զեկուցողները ներկայացրեցին Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունները՝ առանձնահատուկ ընդգծելով ճապոնական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումային և համագործակցության այլ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Համաժողովի աշխատանքները եզրափակեցին ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոն և Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության նախագահ Յասումինե Սատակեն:
Համաժողովին մասնակցեցին ճապոնական մոտ 100 ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի անցկացմանն աջակցեցին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունը և Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO):