Կարեն Կարապետյանն առաջիկայում հնարավորություն ունի ցույց տալու, որ մեղավորներին խստորեն պատժելու իր կամքը լինելու է մնայուն և դրսևորվելու է որպես օրինաչափություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ կապված Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության թիվ 65 հասցեում Առաջին տպարանի շենքի պայթեցման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին նախկին տպարանի շենքը պայթեցվել էր՝ հարուցելով երեւանցիների վրդովմունքը: Ու թեեւ պայթեցման աշխատանքները բավականին գրագետ էին իրագործվել, շենքի՝ ճարտարապետական արժեքի վերաբերյալ կարծիքներն էլ հակասական էին, այդուհանդերձ, ակնհայտորեն հանրային բավարար իրազեկում չէր արվել ո՛չ կառուցապատման նոր ծրագրի, ո՛չ էլ, որ էլ ավելի վտանգավոր էր, բուն պայթեցման գործընթացի մասին:

Եվ այս առումով, անշուշտ, միանգամայն տեղին էր Կարեն Կարապետյանի վրդովմունքը, որը նա հանրայնացրեց երեկվա խորհրդակցության ընթացքում. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա, կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին, եւ ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»- արդարացված հարցեր հնչեցրեց վարչապետը՝ հանձնարարելով բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը /տվյալ դեպքում՝ «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն/ պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ պայթեցման: Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին եւ նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ եւս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- հանձնարարեց վարչապետը՝ այդ շարքում չմոռանալով նաեւ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին հրահանգել՝ պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին:

Կ. Կարապետյանի, թվում է, միանգամայն արդարացված այս արձագանքը, սակայն, ոչ միանշանակ գնահատականի արժանացավ սոցիալական ցանցերում: Շատերը վարչապետի ելույթում «պրիմիտիվ պոպուլիզմ» տեսան՝ ընդգծելով, որ նա, չգիտես ինչու, «առավելագույն պատիժ» չի պահանջում իր իսկ բնորոշած «պրիմիտիվ գողությամբ» զբաղվողների, եւ կամ՝ միլիոններով պետական միջոցները թալանած նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում: Կար արդյոք պոպուլիզմ վարչապետի երեկվա ելույթում. իր ոճով պատասխանելով ասենք՝ գուցե: Դա՞ էր արդյոք հիմնական շարժառիթը, չենք կարծում եւ չենք ուզում այդպես մտածել: Համենայն դեպս, Կ. Կարապետյանը առաջիկայում հնարավորություն ունի ցույց տալու, որ մեղավորներին խստորեն պատժելու իր կամքը լինելու է մնայուն եւ դրսեւորվելու է որպես օրինաչափություն՝ առանց բացառության եւ իրավիճակային թելադրանքի:




Լրահոս