Ինչ է իրենից ենթադրում ՀՀ-ՌԴ զորքերի միացյալ խմբավորումը, և ինչ խնդիր է լուծում Ռուսաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր է ստորագրել, որով համաձայնություն է տվել Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագրին:

Ըստ համաձայնագրի՝ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով»։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի և ավտոմատ կերպով կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը ցանկություն չհայտնի խզել այն։

Ստեղծվող խմբավորման հիմնական խնդիրներն են դիմակայել երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին և պաշտպանել Հայաստանի, Ռուսաստանի պետական սահմանները։ Նշվում է, որ խմբավորման հրամանատարը նշանակվում է Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից՝ ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի համաձայնությամբ։ Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ գլխավոր շտաբին, իսկ պատերազմի ժամանակ կողմերի համաձայնությամբ հնարավոր է նախապատվություն տրվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

Այսօր ArmLur.am-ը փորձեց ԱԺ պատգամավորներից հասկանալ, թե որքանով է ստեղծվելիք խմբավորումը բխելու Հայաստանի շահերից: Պատգամավորներից շատերը խուսափում էին խոսել այս մասին` նշելով, որ դեռ համաձայնագրի տեքստը չկա: Մեզ հաջողվեց զրուցել արտաքին հարաբերությունների անդամ Արմեն Ռուստամյանի և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ Խաչատուր  Քոքեբելյանի հետ: Վերջինս նշեց, որ այսպիսի խմբավորում ստեղծելու մասին որևէ քննարկում իրենց հանձնաժողովում չի եղել, ինչը նա զարմանալի համարեց, քանի որ համաձայնագիրը վերաբերում է պաշտպանության ոլորտին: Վերջինս նշեց, թե ՌԴ-ն ցանկանում է Հայաստանին ներքաշել և ներքաշում է իր շահերը սպասարկող գործընթացների մեջ:

Իսկ արտաքին հարաբերությունների անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը միանգամայն այլ կարծիք հայտնեց: Նա նշեց, թե չի կարծում, որ այս ամենը մեր շահերի դեմ է և ընդգծեց, որ խոսքը գնում է ոչ թե հարձակման, այլ պաշտպանման մասին:

Այն, որ ՌԴ-ն ՀԱՊԿ-ում և որպես ռազմավարական դաշնակից շատ հաճախ է կատարում իր պարտավորությունները, փաստ է, և այդ մասին բարձրաձայնում են շատերը: Ամենևին չի բացառվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը կարող է նման գործելաոճ դրսևորել նաև այս խմբավորման ստեղծումից հետո: Սակայն հարց է առաջանում, իրեն ոչ ձեռնտու դեպքում Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն դեմ գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, թերևս պատասխանն ակնհայտ է…

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս