Ինչպես հայտնի է՝ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող անդամներին միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում՝ մասնակցելով նիստերին. «Ես հորդորում եմ ավագանու բոլոր անդամներին՝ տարին նոր է սկսվում, Ամենափրկիչ մանուկը այսօր ձեզ է նայում, մեզ բոլորիս է նայում, և նա մեզանից ակնկալում է սեր: Միասնաբար գործելու, միասնաբար արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ՝ ծառայություն է ուզում, և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ձեզ վստահել են, և այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի մսխելու»:
Պատարագին ներկա էին եղել ինչպես ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն ու ավագանու անդամներ, այնպես էլ էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ավագանու կազմը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:
Արդյունքում Արքեպիսկոպոսի հայտարարությունը բուռն քնարկումնների պատճառ դարձավ, մասնավորապես այն, որ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը չպետք է խառնվի աշխարհիկ կյանքին, ավելին տեսակետներ կան, որ պատարագը ծառայեցնելը քաղաքական այս կամ այն շահին ասվածահաճո գործ չէ:
Ինչեւէ ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ` հասկանալու համար, թե որքանով է արդարացված, որ եկեղեցու առաջնորդը կարծիք է հայտնում քաղաքական գործընթացների մասին:
«Անկեղծ ասեմ, որ տեղյակ չեմ այդ հայտարարության մասին, թե ինչ է հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներով: Պետք է տեղյակ լինեմ, որ կարծիք հայտնեմ, բայց նշեմ, որ սրբազանը իմ հոգեւոր եղբայրն է, բաց եթե սրբազանը նման բան է ասում, ուրեմն նա միասնականության համար է նման բան ասել, այլ ոչ թե այլ իմաստներով, դա իմ կարծիքն է, թեպետ կրկնում եմ նման բան չեմ կարող ասել», – նշեց նա:
Մեր այն դիտարկմանը` Գուգարաց թեմի առաջնորդի խոսքը վերաբերվել է հենց երկու ընդդիմության և իշխանության միաբանությանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշեց, թե դրա մեջ որեւէ վատ բան չի տեսնում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2007 թվականին բավականին բուռն քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցության 10-րդ համագումարի բացումը իրականացրել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը, որի ելույթը նվիրված էր ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի թեկնածության. «Եվ Աստված պարգեւի խաղաղության շնորհը, որ այն նոր հիմնադրույթները, որոնք պիտի հռչակվեն 10-րդ համագումարում, բոլորի համար լինեն զգալի, կյանքի ակունք, եւ Աստված տա վճռականություն, որ այն մեր կյանքի օրերում կարողանանք կյանքի կոչել»:
Այս հանգամանքը հիմք էր տվել շատերին տեսակետ հայտնել` արդյո՞ք տեր հայրը եւս անդամակցել է Հանրապետական կուսակցությանը: