Առաջիկայում մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Պաշտոնական թիզերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ սպասվում են նոր շրջադարձեր, դերասանական կազմի փոփոխություն: «Ժողովուրդ»-ը զրուցել է գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհի Անի Ղազարյանի հետ: Հանդիսատեսը նրան ճանաչում է նաեւ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմից:
-Անի՛, նշել եք, որ Մ. Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը շրջադարձային էր նորագույն շրջանի հայկական կինոյի համար: Ինչո՞վ էր այն որոշիչ:
-Նախ` այս ֆիլմի միջոցով աչքի ընկան դերասաններ, որոնց հանրությունը մինչ այդ չէր ճանաչում (կամ ճանաչում էր միայն թատերասեր մասսան): Շոուբիզնեսյան դեմքերին փոխարինելու եկան նոր, ոչ պակաս տաղանդաշատ դեմքեր: Բացի այդ` ունեցանք գրագետ, հետաքրքիր սցենար, որը կրկին բացակայում էր կինոշուկայում: Այսինքն` նյութ չկար, որի վրա դերասանը կարող էր աշխատել: Եվ ամենակարեւորը` մենք այս ֆիլմի միջոցով ունեցանք հերոս: Հայաստանում վերջին շրջանում նկարահանվում էին ֆիլմեր, որոնք սակայն չէին տալիս մեր ազգի հերոսի նկարագիրը: Այն հերոսի, հավաքական կերպարի, որին կցանկանային նմանվել եւ որի գործը կցանկանային շարունակել մեր երիտասարդները:
-Որքանով տեղյակ եմ` ֆիլմի նկարահանումների մի մասը հաջորդել է Ապրիլյան պատերազմին: Այս պարագայում հույզերը կառավարելը դժվար չէ՞ր:
-Հուզական դաշտը, իսկապես, բավական ակտիվ էր: Հենց ապրիլյան օրերի իրադարձությունները, հետպատերազմական տեսարանները ներառվեցին սցենարում: Ես, իհարկե, ոչ բոլոր տեսարաններին եմ մասնակցել, բայց կարող եմ փաստել, որ անասելի էմոցիաներ էինք ապրում: Բայց, այնուամենայնիվ, հատկապես երկրորդ ֆիլմում փորձել ենք այնպես անել, որ դրանք հասնեն մինիմալի: Օրինակ` ֆիլմի առաջին մասում հուզական պոռթկումներն ավելի շատ են, իսկ երկրորդ մասում Դուք կտեսնեք ավելի քիչ արցունք, ավելի քիչ պոռթկումներ:
-Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանուհի եք, եւ այնպես է ստացվել, որ ռեժիսորը Ձեզ տեսել է թատրոնում, ապա հրավիրել է կինո: Այս անցումը ի՞նչ դժվարություններ ծնեց:
-Այս դեպքում շատ կարեւոր դեր է խաղում ռեժիսորի հոտառությունը: Նա պետք է թատրոնի դերասանուհուց կարողանա ստանալ նաեւ լավ կինոդերասանուհի: Ինձ համար անցումային այդ փուլը հաղթահարելը դժվար չի եղել: Կան ռեժիսորներ, որոնք թատրոն-կինո սահմանագիծը ճիշտ չեն կարողանում պահել, ինչի արդյունքում կինոյում հայտնվում են թատրոնին բնորոշ տարրեր:
-Անի՛, Ձեր ոլորտի ամենամեծ բացը ո՞րն եք համարում: Դուք, սովորաբար, ի՞նչ տիպի նախագծերին եք նախապատվությունը տալիս:
-Ամենամեծ բացն այն է, որ ժամանակն առաջ է գնում, իսկ մենք թե՛ կինոարտադրության, թե՛ թատերական արվեստի ոլորտում աշխարհից բավական հետ ենք մնում, չենք հասցնում ժամանակին համընթաց քայլել: Ինչ վերաբերում է առաջարկներին, բազմիցս ստացել եմ հրավերներ տարբեր սերիալներից, կոմերցիոն ներկայացումներից, բայց կարողացել եմ զսպել ինձ, հայտնի դառնալու մոլուցքն ինձ չի խեղդել եւ փորձել եմ մասնագիտական առումով արժեքային համակարգիս համապատասխան ընտրություն կատարել:
-Այն դերասանուհիներից եք, որոնք ոչ մի մասսայական միջոցառում բաց չե՞ն թողնում, թե՞ ավելի ներքաշված տեսակ եք:
-Թատերական ասպարեզում, օրինակ, բավական լայն շփումներ ունեմ, իսկ կինոլորտում դրանք նոր են ձեւավորվում: Ամեն դեպքում, ինձ համարում եմ ավելի ներքաշված մարդ…
-Այս պարագայում զարմանալի չի լինի, եթե ֆիլմի երկրորդ մասին ծանոթանալիս մարդիկ պարզապես չճանաչեն Ձեզ:
-Այո՛, ինձ հիմնականում գիտեն թատրոնից, այսինքն` շատ քիչ մարդ գիտի ինձ…
-Անի՛, ֆիլմում նկարահանվելուց հետո ստեղծագործական դադար եք վերցրել: Այնինչ, կարծում եմ, ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայից հետո հանրության կողմից ավելի ճանաչված եք լինելու: Նման պահի ասպարեզից անհետանալը ճի՞շտ եք համարում:
-Դե, այնպես չէ, որ հոգնել եմ դերասանական կյանքից եւ որոշել եմ չզբաղվել դրանով: Դադարը անձնական կյանքի բերումով է ստացվել, իսկ անձնականի մասին չէի ուզենա խոսել:
Աննա Բաբաջանյան