Տարվա ձեռքբերումը՝ նախարարի պաշտոն. Էդվարդ Նալբանդյանի առանձնացրած ձեռքբերումը ծիծաղելի է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2016 թվականը, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերում մատնանշել է ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը: Մինչդեռ իրականում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելն ընդամենը ձեւական երեւույթ էր. 2016թ. ընթացքում Ադրբեջանի կողմից ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաեւ ՀԱՊԿ անդամ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների բազմաթիվ փորձեր եղան, ու թեեւ ռազմաքաղաքական այդ դաշինքը, իր կանոնադրության համաձայն, պարտավոր էր արձագանքել նման գործողություններին (ի դեպ, այդ մասին մի քանի անգամ նույնիսկ Սերժ Սարգսյանն է խոսել ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մոտ դժգոհել), անգամ Հայաստանի նախագահության ընթացքում որեւէ ծպտուն չլսվեց:

Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ դեռ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիոն կարգով պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների՝ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների պատճառով այդ հարցը հետաձգվում է անընդհատ:

Ու այդքանից հետո ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերում, առնվազն ծիծաղելի է: Չնայած՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը 2016թ. ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, այլ ընթացել է ձախողումների ճանապարհով, ամենափոքր դրական իրադարձությունն էլ կարելի է ձեռքբերում համարել: Նաեւ նախարարի՝ 2017-ի հունվարի վերջին օրը 2016-ի տարվա ամփոփում անելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս