Արագածոտնի մարզում յուրաքանչյուր կուսակցություն կարող է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել առավելագույնը յոթը թեկնածու: Առաջադրման ժամկետներին ընդառաջ նրանց անուններն արդեն որոշակի են դառնում:
Այս անգամ իշխող կուսակցության ռեյտինգային ցուցակում կլինի նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, ով 2012-ի ընտրություններին պատգամավոր էր դարձել համամասնական ընտրակարգով: Ախոյանը լքեց ԲՀԿ-ն 2015 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին դուրս հրավիրեցին քաղաքականությունից, սակայն ԲՀԿ նախկին նախագահի վերադարձից հետո անգամ հետ չգնաց ԲՀԿ՝ որոշելով իր քաղաքական ուղին շարունակել ՀՀԿ-ի հետ:
ՀՀԿ-ի ցուցակում Ախոյանի մրցակիցների թվում ևս նախկին ԲՀԿ-ական կա: Խոսքը Բազմասեր Առաքելյանի մասին է, ով ևս տեղ կգտնի ՀՀԿ-ի ցուցակում: Նախորդ ընտրություններին Առաքելյանը առաջադրվել էր մեծամասնական ցուցակով, սակայան ձայները չբավականացրին, և նա խորհրդարան մտավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով: Սպասվում է, որ ՀՀԿ-ի ցուցակում կլինի նաև նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը: Նախկին մարզպետը ՀՀԿ խորհրդի նիստի օրը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ սպասում են կուսակցության որոշմանը: Նման որոշման սպասում է նաև գործարար, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը. նա ևս ՀՀԿ-ի ցուցակում տեղ գրավելու ցանկություն ունի: Նշենք, որ Մնացական Մնացականյանը, ով նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել մեծամասնական համակարգով, այս անգամ էլ ցանկություն ունի առաջադրվելու, սակայն դեռևս հարցականի տակ է նրա՝ ԱԺ-ում հայտնվելու շանսերը:
Երեկ լրագրողների հետ զրույցում Արագածոտնի մարզում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Ծառուկյան դաշինք»-ի ԲՀԿ-ի ցուցակում այլ անուններ ևս կլինեն, սակայն հանրության առավել հայտնի է հենց Խաչատրյանը: ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում կլինի «Երևան» ԲԿ-ի տնօրեն Տարոն Տոնոյանը, ով մեզ հետ զրույցում հաստատել էր, որ մարզում առաջադրվելու ցանկություն ունի: ՀՅԴ-ում ևս ցուցակի այլ ներկայացուցիչների հարցը քննարկվում է:
Չնայած առաջադրումների տասնօրյա ժամկետը մեկնարկում է երեք օրից, սակայն կուսակցությունները դեռևս ակտիվ քննարկումների և վերադասավորումների մեջ են: Մյուս կուսակցություններն այս մարզում դեռևս հաշվարկում են իրենց հնարավորությունները՝ հասկանալու համար իրենց շանսերը:
Նաիրա Հովհաննիսյան