Ինչ պատասխանատվության ենթարկվեցին հրամանատարները զինվորների ոտնահարված իրավունքների հարցով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները կքննարկեն ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը: Ինչպես հայտնի է՝ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նշումից հետո ջնջված են:

Հիշեցնենք, որ խնդրի շուրջ պարզաբանում տարածեց նաեւ ԼՂՀ պաշտպանական բանակը՝ նշելով, որ կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, եւ որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության: Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, այդպես էլ չմանրամասնվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կատարվածից հետո ԼՂՀ մի շարք զորամասերում ստուգումներ են սկսվել, որպեսզի, ըստ էության, բացառվի ծանոթ-բարեկամի միջոցով կնիք դնելը այն զինվորների գրքույկներում, որոնք ապրիլյան դեպքերին մասնակից չեն եղել: Ավելին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ծառայողական քննություն է անցկացրել, որի արդյունքում ԼՂՀ ՊԲ որոշ զորամասի հրամանատարներ ընդամենը նկատողություններ են ստացել»:




Լրահոս