«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելով` կալանավորը 5 մլն դրամի օծանելիք է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանում գործող օծանելիքի խանութներից մեկից առանձնապես խոշոր չափերի օծանելիքի հափշտակությունն իրականացվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի կողմից։

2017 թվականի հունվարի 31-ին ահազանգ է ստացվել, որ ՍՊ ընկերությանը պատկանող օծանելիքի խանութներից մեկից, վճարման կեղծ անդորրագիր ներկայացնելով, հափշտակվել է ավելի քան 5 մլն դրամի արժողության տարբեր տեսակի օծանելիք։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ–որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է օծանելիքի հափշտակության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել գողոնը։

Նախնական քննության տվյալներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով կալանավորված մեղադրյալը, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2017 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում,  զանգել է օծանելիքի խանութ և ներկայանալով որպես մարզպետարանի աշխատակից՝ ցանկություն հայտնել բանկային փոխանցման միջոցով օծանելիք ձեռք բերել՝ մարզպետարանի նախաձեռնած միջոցառման մասնակիցներին նվիրելու համար:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարի 31-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տաքսի ծառայություն մատուցող վարորդը մոտեցել է խանութի աշխատակցին, փոխանցել պատվիրատուի մատնանշած մարդուց ստացած փակ ծրարը, վերցրել փաթեթավորված 100 հատ օծանելիքը և հեռացել։ Վարորդի հեռանալուց կարճ ժամանակ անց պարզվել է, որ ներկայացված վճարման անդորրագիրը կեղծ է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է օծանելիքը, պարզվել օծանելիքի տեղափոխմանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը։ Քննություն է տարվում՝ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վճարման կեղծ անդորրագիր պատրաստած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս