Ֆուռերը խանգարում են երթևեկությանը. լարված իրավիճակ` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Նոյեմբերյան հատվածում լարված իրավիճակ էր: Արտերկրից Հայաստան բեռներ ներկրող եւ Հայաստանից ապրանքներ արտահանող խոշոր բեռնատարները դժվարանում էին հաղթահարել Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց լեռնային, ոլորապտույտ, ձյունապատ հատվածները: Ճանապարհի եզրին ֆուռերի խցանումներ էին: 10-20 ֆուռեր կանգնում էին իրար հետեւից՝ փակելով միջպետական ավտոճանապարհի լայնքի կեսը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Նշված ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության աշխատակիցների շնորհիվ միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը չփակվեց: Սակայն ձյունառատ ձմեռը վաղուց բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվում:

2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը վերանորոգման նպատակով փակվել է, խոշոր բեռնատարները անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Արդյունքում՝ այդ ճանապարհով երթեւեկի ինտենսիվությունը մի քանի անգամ աճել է: Մինչեւ 40 տոննա բեռնված ֆուռերը չեն կարողանում հաղթահարել ձյունոտ, սառցապատ, լեռնային, ոլորաններով ճանապարհները:

Ճանապարհաշինական ընկերության բանվորները ճանապարհին աղ ու ավազ են սփռում, սակայն երեկոյան ժամերին ճանապարհը սառչում է, աղն ու ավազն էլ չեն օգնում: 15 տարի առաջ կառուցված ճանապարհն արդեն մաշված է, փոսառատ, ինչը խանգարում է երթեւեկությանը:

«Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն քարշակ չունի, որ կարողանա ձյան, սառույցի վրա տեղապտույտ անող խոշոր բեռնատարներին օգնել: Այդ ընկերության տնօրեն Ֆլորա Անտոնյանն ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը պետական բյուջեից ճանապարհների ձմեռային պահպանության համար գումարներ է ստանում, սակայն դրանք բավարար չեն բազում տոննաներով աղ շաղ տալու, պետական հարկեր մուծելու, աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:

Նկատենք նաեւ, որ միջպետական ավտոճանապարհով անխափան երթեւեկությունն ապահովելու հարցում թույլ է ճանապարհաշինական ընկերություն-պետավտոտեսչություն ամենօրյա համագործակցությունը: Հարկ է, որ պետավտոտեսչությունը ճանապարհի վտանգավոր հատվածներում հսկողություն սահմանի եւ ամեն երեկո՝ ժամը 5-ից հետո, արգելի Նոյեմբերյան-Ջուջեւան եւ Ոսկեպար-Կիրանց հատվածներով խոշոր բեռնատարների երթեւեկը: Նման պրակտիկա իրականացվում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ: Ձմեռը շարունակվում է, միջպետական ավտոճանապարհով երթեւեկի խոչընդոտները՝ նույնպես:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս