Խառնաշփոթ և փշրված երազներ` ամուսնական գիշերը. նոր ներկայացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր, սցենարիստ, դերասան Մհեր Մկրտչյանի պիեսի հիման վրա բեմադրված նոր` «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան: Գլխավոր դերերում հանդես են եկել Անի Խաչիկյանն ու Արծրուն Չոբանյանը, բեմադրության մեջ ներգրավված են նաեւ Գեորգի Հովակիմյանը, Լեւս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը եւ այլք:

Արծրունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներկայացման մեջ երիտասարդական թարմ շունչ կա: «Ամուսինների հարաբերություններում միշտ էլ կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծում, ուստի պիեսում արծարծվող թեման բոլոր ժամանակների համար էլ արդիական է»,-ասաց նա: Ի դեպ, փորձերին ներկա գտնված մարդիկ հավատացել են, որ Անին եւ Արծրունն իսկապես ամուսիններ են. «Եղել են մարդիկ, որոնք քննարկել են, հետաքրքրվել են` մենք ամուսիններ ենք, թե ոչ: Իհարկե, իրականում նման բան չկա»,-նշեց դերասանը: Մենք հարցրինք` ներկայացումը կին-տղամարդ հարաբերություններում առկա խնդիրների համար լուծումներ առաջարկո՞ւմ է, թե՞ ոչ. «Մեր հերոսները փորձում են լսել իրար եւ անկեղծ են միմյանց հետ. հենց սա է լուծումը»,- մեկնաբանեց Արծրունը` ընդգծելով, որ ներկայացումն, առհասարակ, իրեն գրավել է ասելիքի անկեղծությամբ:

Հավելենք, որ պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում գյխավոր հերոսները` պրոդյուսեր Արթուրը եւ Մերին: Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտալի այդ դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին` պարզել ստեղծված անախորժ իրավիճակը:

Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս