Իսպանիայի Պետրեր քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 30-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն, որին համապատասխան հայտարարություններով իրենց աջակցությունը հայտնեցին խորհրդում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Քաղաքային խորհրդի կողմից այս որոշման ընդունմանը նախորդել էր նախկինում նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած Էլդա քաղաքի հայերի «Արարատ» միության կողմից կազմակերպված և Մադրիդի «Հայ տուն» միության օժանդակությամբ և մասնակցությամբ իրականացված «Խաղաղությունը և համերաշխությունն ընդդեմ բռնության» խորագրով մշակութայինտեղեկատվական երեկոն: Միջոցառման հյուրերը, որոնց թվում էին նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, դասախոսությունքննարկման, կարճատև վավերագրական տեղեկատվական ֆիլմերի ցուցադրման, հայկական մշակույթի նմուշների և կատարումների միջոցով ծանոթացան հայ ժողովրդի պատմության
ամենամութ էջերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության քաղաքական, տնտեսական, իրավական և մշակութային հետևանքներին:
Մշակութային տեղեկատվական երեկոյին հաջորդեց գեղանկարչական ցուցահանդեսի բացումը, որտեղ ցուցադրված էին ՀՀ վաստակավոր
նկարչուհի Աննա Հարությունյանի, Իսպանիայում բնակվող նկարչուհի, արվեստի պատմության և տեսության մասնագետ Անահիտ Օհանյանի և Երևանի Ք․Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքները: