Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր», նշել է Բալայանը: Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում պայթյուն է որոտացել: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը:
Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Նա արդեն ցավակցել է զոհերի հարազատներին: Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ: Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից: