ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային լարվածության հերթական առիթը կրկին ստեղծվեց Սիրիայում` վերածվելով կարգավորման միտում ցույց տվող ռուս-ամերիկյան հարաբերությունների խոտանման մի նոր հարթակի: Խոսքը վերաբերում է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ու դրա հանդեպ ամերիկյան վարչակազմի անհանդուրժող կեցվածքին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նույնիսկ անթաքույց կերպով արտահայտեց իր հիասթափությունն այս հարցում` ի հեճուկս նախընտրական շրջանում ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման մասին պնդումների:

Երեքշաբթի Սիրիայի հյուսիսում ապստամբների ենթակայության ներքո գտնվող Խան Շեյխում քիմիական զենք է կիրառվել, որը հանգեցրել է նվազագույնը 86 մարդու մահվան եւ հարյուրավորների վիրավորման: Նկատենք, որ սիրիական ճգնաժամի կարեւորագույն բաղադրիչն է դարձել քիմիական զենքի կիրառումը, որը մեկ անգամ էլ տեղի էր ունեցել 2013թ-ին: Այնժամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում էր ռազմական միջամտությամբ կարգի հրավիրել նույնիսկ պատերազմի պայմանների համար ապօրինի համարվող քիմիական զենքի կիրառումն իրականացրած սիրիական իշխանություններին` նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ: Թեեւ ԱՄՆ-ն այդպես էլ չգնաց ռազմական միջամտության ճանապարհով, սակայն սիրիական ռեժիմի ու վերջինին սատարող ռուսական շրջանակների հանդեպ վերաբերմունքը լրջորեն փոխվեց: Ի դեպ, այնժամ ՄԱԿ-ի մասնագետները գնահատել էին, որ քիմիական զենք իսկապես կիրառվել էր, ինչից հետո Ռուսաստանի ճնշմամբ Ասադը ողջ քիմիական արսենալը հանձնեց միջազգային հանրությանը: Սակայն այսօր արդեն պարզվում է, որ սիրիական իշխանությունները շարունակում են նման վտանգավոր միջոցների տիրապետել եւ նույնիսկ առանց տատանվելու օգտագործել դրանք: Այս փաստը սառը ցնցուղ էր ԱՄՆ վարչակազմի համար, որը նույնիսկ հայտարարել էր, որ Ասադի հեռանալն իր համար այլեւս առաջնահերթություն չէ` կարեւորությունը տալով «Իսլամական պետության» դեմ ՌԴ-ի հետ ձեռք ձեռքի տված պայքար մղելուն: Քիմիական զենքի կիրառումը, սակայն, վայրկենապես փոշիացրեց Թրամփի այս քաղաքականությունը:
Քիմիական զենքի կիրառման փաստի հայտնի դառնալուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ իր վերաբերմունքը զգալիորեն փոխվել է` պնդելով, որ այդպիսի հարձակումը անհանդուրժելի է: Ըստ նրա` երբ սպանում են անմեղ ու մանկահասակ երեխաների, ամեն ինչ փոխվում է գլխիվայր: Նախագահը խոստովանել է, որ Ասադի ու Սիրիայի հանդեպ իր կարծիքը տակնուվրա է եղել` խոսակցության լիովին այլ մակարդակի հանգելով. «Երեխաների վրա երեկվա հարձակումը ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Դա սարսափելի էր: Սրանից ավելի վատ իրավիճակ լինել չի կարող»: Թեպետ Թրամփը չի մանրամասնել, թե վերաբերմունքի փոփոխությունը գործնականում ինչի կարող է վերածվել, սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը բացեիբաց հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը զենքի կիրառման միակ պատասխանատու է ճանաչում Բաշար ալ-Ասադի ռեժիմը: Նա հորդորել է Ռուսաստանին վերանայել իր մոտեցումը Ասադի իշխանության նկատմամբ: Պետքարտուղարը նույնիսկ արձանագրել է. «Կարծում ենք` ժամն է, որ ռուսները իսկապես զգուշորեն մտածեն Ասադի ռեժիմին ցուցաբերված իրենց աջակցության մասին»: Դիվանագիտական լեզվով, փաստորեն, Թիլլերսոնը սպառնացել է, որ այդպիսի աջակցության շարունակումը անխուսափելիորեն հարվածելու է հենց Ռուսաստանին: Ի դեպ, օրերս նախատեսված է Թիլլերսոնի այցը Մոսկվա, որի բովանդակությունը էականորեն վերափոխված կլինի քիմիական զենքի կիրառման նմանօրինակ զարգացումների պատճառով: Պետքարտուղարից ետ չի մնացել նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլին: Վերջինիս համոզմամբ` երբ ՄԱԿ-ը չի կարողանում միասնաբար գործել, գալիս են պահեր, երբ պետությունները ստիպված են լինում առանձին քայլեր ձեռնարկել: Մեղադրելով Ռուսաստանին` Հեյլին հարցրել է, թե քանի երեխաներ դեռ պետք է զոհվեն, որ Ռուսաստանը իսկապես մտահոգվի իրավիճակով: ԱՄՆ-ի նման հռետորաբանության հետեւանքը եղավ ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համատեղ մշակած բանաձեւը, որը Ռուսաստանի կողմից որակվեց «բացարձակ անընդունելի»: Բանաձեւը նախատեսում էր, որ քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրվեին արտակարգ լիազորություններ՝ պարզելու եղելությունը Սիրիայում: ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը նոր բանաձեւը աննպատակահարմար է համարում, ինչն էլ թույլ է տալիս վերլուծաբաններին ակնկալել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այն ՌԴ-ի կողմից վետոյի արժանանալու դեպքում այդպես էլ չի անցնի:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը քայլ առ քայլ փակուղի է մտնում: Թրամփի վարչակազմի նախընտրական խոստումներն ու Պուտինին գովաբանելու վարքագիծը հաջողության հասնելու ընդունակ չեղան: Չի բացառվում, որ ռուս-սիրիական շրջանակները պարզապես նման կերպ սադրել են Թրամփի վարչակազմին, որն իր երկրի ներսում լուրջ խնդիրներ ուներ եւ չէր կարողանում հապճեպորեն հայացք գցել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Պուտինի առաջնահերթությունն էր: Վերջինիս համար, ըստ էության, գերխնդիր էր կարճ ժամանակում ազատվել ամերիկյան պատժամիջոցներից, ինչը նկատելիորեն ձգձգվում է, թեեւ Սպիտակ տանը ավելի քան 2 ամիս է, ինչ նոր վարչակազմ կա: Չի բացառվում, իհարկե, որ ինչ-ինչ անհայտ շրջանակներ իրենց հերթին են փորձում լարվածության նոր օջախներ ստեղծել Թրամփի ու Պուտինի միջեւ` վիժեցնելու առաջինի ծրագրերը: Քիմիական զենքի կիրառմամբ ոչ մի ռազմական հաջողություն չի արձանագրվել՝ բացի տասնյակ երեխաների դաժան սպանությունից: Հետեւապես, ով էլ որ իրականում կանգնած լինի քիմական զենքի կիրառման թիկունքում, խնդիրը շաղկապված է ռուս-ամերիկյան հարաբերություններին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՏՄՊՊՀ-Ն ԴԵՌ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

Մինչ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ թանկացումներ չեն արձանագրվել, ավելին` դրանք վերահսկվում են, այս ընթացքում պետական մեկ այլ կառույց՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հակառակի մասին փաստող տվյալներ է հրապարակում:

Թեեւ ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում, բայց սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում նշված ժամանակահատվածում արձանագրված գնաճը կազմել է 3.4 տոկոս: Իսկ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 2.2 տոկոսով:
Այսպես՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շաքարի եւ շաքարավազի շուկայում գրանցվել է 14.9 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում մրգի շուկայում նույնպես թանկացումներ են արձանագրվել: Այս շուկայում գրանցված գնաճը կազմել է 23.8 տոկոս, իսկ այս տարվա փետրվարին, մարտի համեմատ՝ 2 տոկոս: Նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մրգի շուկայում հիմնականում թանկացել է բանանը. այն 650 դրամից դարձել է 700 դրամ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում բանանի միակ ներկրող համարվում է ԴԱՀԿ նախկին պետին՝ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ անցած Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը: Հետեւաբար բանանի թանկացումը պայմանավորված է նախընտրական շրջանում Պողոսյանի ծախսած փողերը հետ վերականգնելու փորձով:
Բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 13.4 տոկոս: Իսկ ահա մսամթերքի գները այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մնացել են անփոփոխ: Բայց չնայած դրան՝ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, մսամթերքի շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ: Ավելորդ է խոսել բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում արձանագրված թանկացումների մասին: Այնուամենայնիվ, նկատենք, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.5 եւ 2 տոկոսով: Այսինքն՝ ռեգուլյար տեսակի բենզինը 330 դրամից թանկացել է եւ դարձել 380 դրամ, պրեմիումը՝ 380-ից դարձել է 400 դրամ, դիզելային վառելիքը՝ 350-ից 360 դրամ: Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ձկան պես լուռ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՓԱՍՏԵՐ ՉԿԱՆ
«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգրքի դրույթների խախտումների վերաբերյալ շա՞տ բողոքներ կան, այդ կապակցությամբ քրեական գործեր հարուցվե՞լ են: Մարզի դատախազն ասաց, որ քրեական գործեր հարուցված չեն, նյութեր են նախապատրաստվում: Նա հայտնեց, որ բողոքներում նշված փաստերը հանցակազմ չեն պարունակում, դրանք վերաբերում են տեխնիկական խնդիրներին, առնչվում են ընտրությունների ժամանակ օգտագործված տեխնիկական սարքերին: Օրինակ՝ մայր եւ որդի միասին ընտրության են գնացել, տղան սխալմամբ օգտագործել է մոր կտրոնը, կամ սարքի թուղթը վերջացել է, թուղթը տեղադրել են, կրկնակի քվեարկություն է գրանցվել: Վ. Գրիգորյանի խոսքերով՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իրենք ահազանգեր են ստացել, որ ինչ-որ գյուղում դա կատարվել է, սակայն ստուգումներով չի ճշտվել, մարդիկ ասել են, որ լսել են այդ մասին, սակայն ստույգ տեղեկություններ չեն հայտնել:

 

 

ԾԵՐՈՒՆԻ ԱՎԱԶԱԿԸ
Ապրիլի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչ Լյովա Փիրուզյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. մարտի լույս 2-ի գիշերը ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով գնացել է համագյուղացիներից մեկի տան բակ, սուր ծակող գործիքով ծակել ու վնասել է համագյուղացուն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների բոլոր 8 անվադողերը՝ պատճառելով 80 հազար դրամի գույքային վնաս: Լ. Փիրուզյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագով: Այս քրեական գործով ապացույց են համարվում սուր ծակող գործիքը եւ էլեկտրոնային կրիչը: Փիրուզյանը հանցանքի համար բռնվել է, քանի որ համագյուղացու բակում տեսախցիկ է տեղադրված եղել, ինչի տեսագրության շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է: Նշենք, որ 70-ամյա Լ. Փիրուզյանը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԲԵՆԶԻՆՆ ՈՒ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2017 թվականի մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է 0.2% գնանկում: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի մարտին, փետրվարի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.5% եւ 2.0%-ով: 2017 թվականի մարտին, 2016թ. մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.4% գնանկում եւ դիզելային վառելիքի 1.4% գնաճ, իսկ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 8.2% եւ 13.1% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.6-0.2% գնանկում, իսկ մայրաքաղաքում՝ 0.2% գնաճ:




Լրահոս