ԻՆՉՈ՞Ւ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ վերջին տարիներին Հայաստանում գրահրատարակչության ոլորտը զարգացում է ապրել, այնուամենայնիվ, դեռեւս ձեւավորված չէ գրական գործակալի ինստիտուտը: Գրական գործակալի ֆունկցիան գրողին հավուր պատշաճի ներկայացնելն է հրատարակչին, գրողի իմիջն ապահովելը: Այս վերջին գործառույթը մեր երկրում մեծ մասամբ իր վրա է վերցնում հենց հրատարակիչը:

«Անտարես» հրատարակչության խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց` քանի դեռ գրական գործակալի ինստիտուտը մեր երկրում չի կայացել, կարեւոր է, որ հրատարակիչն ինքն էլ լինի գործակալ. «Եթե այդ ինստիտուտը ձեւավորվի, հրատարակիչը կզբաղվի միայն գիրք տպագրելով եւ հեղինակ հայտնաբերելով, գործակալն էլ` հեղինակների ներկայացմամբ, նրանց գործերի քարոզմամբ եւ տարածմամբ: Այսօր մեզ մոտ գրական գործակալները քիչ են, որովհետեւ չեն պատկերացնում դաշտը, այդ աշխատանքը չի ընկալվում որպես բիզնես. դա այնպիսի ներդրում է, որն իր պտուղներն ապագայում պետք է տա»,-նկատեց նա:
Պարոն Նիկողոսյանը, շարունակելով անդրադառնալ գրական գործակալի ինստիտուտի չկայացած լինելու պատճառներին, շեշտեց` տեղական շուկայի պարագայում պատճառն այն է, որ այսօր հայ գրողների գրքերը քիչ տպաքանակով են վաճառվում, եւ հրատարակիչներն էլ գրողներին ընտրելու հարցում խիստ են, ուր մնաց` հայտնվեն գործակալներ, որոնք գումարներ կպահանջեն` տվյալ գրողների գործերը տպագրելու համար: Նրա խոսքով` ոլորտում եկամուտների պակաս է նկատվում, ինչի հետեւանքով այն ներդրողների համար դառնում է անհետաքրքիր: Բացի այդ` առկա է դրսի հրատարակիչների հետաքրքրվածության պակաս հայ գրողների գործերի նկատմամբ. «Դրսի շուկայի պարագայում առաջնայինը լեզվի խնդիրն է. հայերենից օտար լեզուների թարգմանիչների ու համապատասխան խմբագիրների կարիք կա»,-մեկնաբանեց նա:
Գրող Վահրամ Մարտիրոսյանի համոզմամբ էլ գրական գործակալի ինստիտուտը Հայաստանին պետք է մեր գրականությունը դրսում ներկայացնելու համար միայն. «Ներսում դրա կարիքը չկա, որովհետեւ հրատարակիչներն ու գրողները ճանաչում են միմյանց: Փոխարենը մեր գրողների գործերը ներկայացնելու կարիք կա դրսում: Ուրիշ բան` մենք ունենք այդ ներուժը` թարգմանիչների տեսքով, թե ոչ (ենթադրում եմ, որ ոչ-Վ.Մ.): Իսկ ներսի շուկայի դեպքում գրական գործակալի մասին խոսելն անհեթեթություն է, որովհետեւ գիրք չի վաճառվում, գրքերը տպագրվում են չնչին, ողորմելի տպաքանակով»,-ասաց նա:
Իսկ ահա բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ գրողներից շատերն ունեն գրական գործակալի կարիք. «Գրական գործակալի ինստիտուտը գուցե նոր է մեզ համար, բայց աշխարհում այն մեծ տարածում ունի: Գործակալը շատ հարցեր է լուծում. ներսում գործեր է տպագրում, դրսում թարգմանական գործընթացն է կազմակերպում: Գուցե ինքս ներսում գործակալի կարիք չունեմ, բայց դրսի շուկայի հետ հարաբերվելու համար դա անհրաժեշտություն է: Շատ լավ կլիներ, եթե այդ ինստիտուտը մեզ մոտ զարգացած լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»,-տեսակետ հայտնեց բանաստեղծը:
Իսկ ի՞նչ կարող է անել, օրինակ, մշակույթի նախարարությունը այս ինստիտուտը զարգացնելու ուղղությամբ: Արքմենիկ Նիկողոսյանն այն համոզմանն է, որ դա նախարարության գործառույթների մեջ չի մտնում. «Պետբյուջեով կա գումար` նախատեսված դրսի այն հրատարակիչների համար, որոնք պատրաստ կլինեն տպագրելու հայ գրողների գործերը: Այս պարագայում գրական գործակալի խնդիրն է գտնել այդ հրատարակչին, «գայթակղել» նրան եւ մատուցել լավ հայ գրողների գործեր»,-բացատրեց նա:
Փոխարենը, ըստ գրականագետի, լավ կլինի, եթե մշակույթի նախարարությունը ֆինանսավորման միջոցով ապահովի արտերկրում կազմակերպվող գրական փառատոներին հայ գրողների մասնակցությունը, անի համապատասխան քայլեր` անմիջական շփումներ հաստատելու համար:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
«ԵՐԵՎԱՆՆ ՈՒՆԻ ԺՊԻՏԻ ԿԱՐԻՔ»

«Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ»,«No comment» հումորային նախագծերից, մի շարք գեղարվեստական ֆիլմերից հայտնի, Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հունիսի սկզբից կմեկնարկեն «Սուպեր մամա 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները. «Էլի ընդգրկված եմ կինոնկարում՝ նույն կերպարով։ Կարծում եմ՝ ֆիլմի 2-րդ մասը նույնքան հետաքրքիր կլինի, որքան առաջինը, այն էլի կլցնի կինոթատրոնները հանդիսականով. կան սյուժետային փոփոխություններ, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն ֆիլմը»,-ասաց նա։

Խոսելով նոր դերերից՝ Անդրանիկը նշեց, որ Նարեկ Դուրյանի հիմնադրած եւ նրա կողմից ղեկավարվող «Բոհեմ» թատրոնում բեմադրվել է «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, որտեղ ինքը մարմնավորում է ոստիկանի. «Հումորով ենք մոտեցել ոստիկանի կերպարին՝ առանց վարկաբեկելու նրան»,-նշեց դերասանը։
Նա, դեռեւս առանց մանրամասներ հայտնելու, հավելեց, որ ընդգրկված է նաեւ մեկ այլ հետաքրքիր նախագծում, որը կներկայացվի օնլայն տիրույթում։
Մենք Անդրանիկի հետ զրուցեցինք նաեւ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս կողմնորոշվել է՝ քաղաքապետի երեք թեկնածուներից ում տա իր ձայնը։ Դերասանը պատասխանեց, որ արդեն իսկ ունի իր նախընտրելի թեկնածուն։ Նա, անդրադառնալով հարցին, թե այսօր ամենաշատը ինչի կարիք ունի Երեւանը, նկատեց. «Երեւանն այսօր ունի ժպիտի կարիք, կարծում եմ, որ եթե ժպտացող դեմքերն ավելանան, ամեն բան լավ կլինի։ Ամեն դեպքում դրական տեղաշարժերի հույս ունեմ»։
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ եթե մեր զրուցակիցը մայրաքաղաքի մշակութային կյանքում որեւէ բան փոխելու հնարավորություն ունենար, որտեղի՞ց կսկսեր. «Ես հնարավորության դեպքում էլ պարզապես չէի ուզենա իշխանական օղակներում հայտնվել, որովհետեւ ակամայից կսկսեի վարկաբեկվել»,- եզրափակեց Անդրանիկը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ՍԿԱՆԴԱԼ
Ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանն ու քույրերը աշխատանքից հեռացրել են իրենց ոճաբանին` Մոնիկա Ռոուզին` 10 տարվա համագործակցությունից հետո: Thisisinsider.com-ը գրում է, որ պատճառը Քիմի քրոջ` Քլոյե Քարդաշյանի եւ Մոնիկայի լարված հարաբերություններն են։ Պարբերականը նշում է, որ զայրացած Քլոյեն ծրագրում է անգամ դատի տալ ընտանիքի արդեն նախկին ընկերոջը, սակայն հայտնի չէ, թե ինչն է դարձել սկանդալի պատճառ։
Նշենք, որ Քարդաշյանն ու իր թիմն այժմ աշխատում են ոճաբաններ Մարնի Սենոֆոնտեի եւ Ջիլ Ջեյկոբսի հետ, իսկ Ռոուզը շարունակում է համագործակցել այլ հայտնի հաճախորդների, այդ թվում՝ Քրիսի Թեյգենի, Կարա Դելեւինի եւ Կայա Գերբերի հետ։

 

 

ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿՈՒՄ
Թատրոնի եւ կինոյի ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանի անունը ներառված է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ պատճառը հայազգի դերասանի` առանց պաշտոնական Կիեւից թույլտվություն ստանալու Ղրիմ այցելելն է:
Կայքում նշվում է, որ Խառատյանը 2014-ից սկսած բազմիցս «ապօրինի հատել է Ուկրաինայի սահմանը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում են ներառվել երգչուհի Յուլյա Սամոյլովայի, Իրինա Ալեգրովայի, երգիչներ Վալերի Լեոնտեւի, Սերգեյ Շնուրովի եւ այլոց անունները:

 

 

ՓԻԹԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը GQ Style-ին տված հարցազրույցի ժամանակ առաջին անգամ խոսել է դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլիից ամուսնալուծվելու մասին եւ խոստովանել, որ իր կարծիքով հենց ինքն է մեղավոր բաժանության հարցում։
Փիթը նշել է, որ շատ ծանր է տարել այդ հանգամանքը, նույնիսկ որոշ ժամանակ ընկել է ալկոհոլի ազդեցության տակ: Հիմա արդեն դերասանը փորձում է հանուն երեխաների Ջոլիի հետ բարելավել հարաբերությունները. «Մենք անում ենք հնարավորը»,-ասել է նա։
Նշենք, որ զույգի ոչ պաշտոնական ամուսնությունը տեւել է 10 տարի, նրանք ունեն 6 երեխա։




Լրահոս